Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ լուծումներն՝ առավել արդյունավետ և արագ կառավարում ապահովելու համար։

«Mistral AI» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ  Հայաստանի ԱԲ էկոհամակարգը ծաղկում է, և հպարտ են, որ կարող են իրենց ԱԲ լուծումներով աջակցել Հայաստանի պետական կառավարման համակարգին, ստարտափներին և տաղանդներին:

Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:

Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար՝ խթան հանդիսանալով նորարարությանը և տեխնոլոգիական առաջընթացին: Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար և աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:

ՀՀ կառավարության և արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային և կարգավորող աջակցություն, իսկ «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ և կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։

Նմանատիպ գրառումներ