ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «AI Impact Summit 2026» գագաթնաժողովին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն աշխատանքային այցով մեկնել է Նյու Դելի՝ մասնակցելու փետրվարի 16-20-ը «AI Impact Summit 2026» բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը կազմակերպվել է Հնդկաստանի Հանրապետության Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն կողմից և համախմբել է պետությունների ու կառավարությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների։ Քննարկումների առանցքում եղել են արհեստական բանականության (ԱԲ) զարգացման համաշխարհային միտումները, դրա կիրառման հեռանկարները և ազդեցությունը պետական կառավարման, տնտեսության ու կայուն զարգացման գործընթացների վրա։
Փետրվար 19-ին պաշտոնական բացման արարողությունից հետո կայացել է պետությունների և կառավարությունների ղեկավարների լիագումար նստաշրջանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության գլոբալ կառավարման, դրա պատասխանատու և անվտանգ կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության խորացման ռազմավարական ուղղություններին։ Ծրագրի շրջանակում անցկացվել են թեմատիկ ԱԲ նստաշրջաններ, կլոր սեղան քննարկումներ և ցուցահանդեսային միջոցառումներ, որտեղ ներկայացվել են առաջատար տեխնոլոգիական լուծումներ և նորարարական նախագծեր։
Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք երկկողմ և բարձր մակարդակի աշխատանքային հանդիպումների՝ քննարկելով արհեստական բանականության, թվային փոխակերպման, նորարարական տեխնոլոգիաների զարգացման և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես, նա հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի Էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության թվային փոխակերպման և կառավարության արդիականացման դաշնային նախարար Կարստեն Վիլդբերգերի, Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են թվային ենթակառուցվածքների զարգացման, տեխնոլոգիական նորարարությունների խթանման, արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնման և միջազգային գործընկերության խորացման հնարավորությունները։ Տեղի են ունեցել հանդիպումներ նաև Եգիպտոսի Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ռաֆաթ Հենդիի, ինչպես նաև Կանադայի արհեստական բանականության և թվային նորարարության նախարար Էվան Սոլոմոնի հետ։
Գևորգ Մանթաշյանն հանդիպել է նաև Ավստրիայի թվայնացման և թվային կառավարման պետական քարտուղար Ալեքսանդեր Պրյոլի, Եվրոպական հանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկկունենի, Meta-ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Սանդյա Դեւանաթանի, Microsoft-ի և LinkedIn-ի տարածաշրջանային տնօրենների, OpenAI-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի, Anthropic-ի գլխավոր գործադիր տնօրենի Դարիո Ամոդեիի, ինչպես նաև Mistral AI-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենի Արթուր Մենշի հետ և մի շարք այլ գործընկերների հետ։
Գագաթնաժողովի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր («Summit Declaration»), որով մասնակից երկրներն ու միջազգային կազմակերպությունները վերահաստատել են ԱԲ ոլորտում համագործակցության ընդլայնման իրենց հանձնառությունը և սահմանել ընդհանուր տեսլական՝ ուղղված արհեստական բանականության պատասխանատու, անվտանգ և վստահելի կիրառմանը։
Հռչակագրում առանձնացվել են համագործակցության մի շարք առաջնահերթ ուղղություններ՝ ԱԲ ռեսուրսների ժողովրդավարացում և հասանելիության ընդլայնում, ԱԲ կիրառումը տնտեսական աճի և սոցիալական բարեկեցության խթանման նպատակով, անվտանգ և վստահելի ԱԲ համակարգերի զարգացում, գիտահետազոտական գործունեության մեջ ԱԲ-ի արդյունավետ օգտագործում, սոցիալական ներառականության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և հմտությունների կատարելագործում, ինչպես նաև էներգաարդյունավետ և դիմակայուն ԱԲ ենթակառուցվածքների ձևավորում։



