Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ արհեստական բանականության և ռազմարդյունաբերության ոլորտներում

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ 

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։

Հուշագրի նպատակն է խթանել երկու երկրների միջև համագործակցությունը նշված ռազմավարական ոլորտներում՝ զարգացնելով գիտահետազոտական և նորարարական կարողությունները, ինչպես նաև նպաստելով համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այն ընդգրկում է համագործակցության լայն շրջանակ՝ ներառյալ բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումը, պետական ծառայությունների թվայնացումը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։

Ստորագրվել է մեկ այլ կարևոր Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև՝ համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

Փաստաթուղթը միտված է խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտներում: Այն սահմանում է համատեղ գործունեության շրջանակ՝ ուղղված փորձի փոխանակմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը,պաշտպանական արդյունաբերության զարգացմանը: 

Ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություններ են ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում  հայ-ֆրանսիական համագործակցության խորացման համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի զարգացմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։

Նմանատիպ գրառումներ