Հայտարարվում է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթ
- Հրապարակվել է՝ 29/04/2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն՝ «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամի» հետ համատեղ, հայտարարում է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» դրամաշնորհային մրցույթը:
Ծրագրի նպատակն է աջակցել ռազմարդյունաբերական ոլորտի նորարարական մշակումներին՝ գաղափարի փուլից մինչև նախատիպի ստեղծում և պետական փորձարկումների իրականացում:
Մրցույթի ընդհանուր մրցանակային բյուջեն կազմում է 30 մլն ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես սկսնակ թիմերը, այնպես էլ կայացած ռազմարդյունաբերական ընկերությունները: Մասնակցության հիմնական պայմանն է, որ ներկայացվող նախագիծը վերաբերի նոր մշակվող արտադրանքի կամ տեխնոլոգիական լուծման, որը գտնվում է նախնական կամ միջանկյալ փուլերում (TRL 1-5):
Մասնակից թիմերը պետք է ներկայացնեն վերջնական արտադրանքի հստակ տեխնիկական նկարագրությունը, իրականացման ժամանակացույցը և հիմնախնդրի բնութագիրը, ինչպես նաև հիմնավորեն նախագծի շուկայական կամ ռազմական կիրառման ներուժը:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի մայիսի 15-ը՝ ժամը 18:00-ն՝ հետևյալ հղումով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել mic@hti.am էլ.հասցեին: