ՀՀ ԲՏԱՆ-ը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ:
«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ):
Սույն մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք բավարարում են հետևյալ նվազագույն որակավորման տվյալներին.
- Իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող գործունեություն՝ առաջարկելով արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպ, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառությամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից չեն ստացել դրամաշնորհ (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր), բացառությամբ ԲՏԱՆ-ԴՄ-2023/01 ծածկագրով հայտարարված «Գաղափարի փուլ» մրցույթի շրջանակում ստացված դրամաշնորհների
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն ժամկետանց պարտավորություններ, որը գերազանցում է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը
- հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով չեն ճանաչվել սնանկ
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կամ կառավարման մարմիններում ներգրավված անձինք մասնակցություն չեն ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրերի պլանավորման և իրականացման աշխատանքներում
- հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում կազմակերպության կառավարման մարմիններում ներգրավված անձինք չեն ներգրավվել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման կամ օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված է
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով (համակարգից օգտնվելու ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 39-րդ օրվա ժամը 16:00 (16.09.2024), հետևյալ հղմամբ:
Կազմակերպությունը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում հայտարարություն (Հավելված 1) (պարտադիր)
- Ֆինանսական նախահաշիվ (Հավելված 2) (պարտադիր)
- Առաջարկ (Հավելված 3) (պարտադիր)
- Պայմանագրի նախագծին կից Միջոցառումների ծրագիր (Հավելված 1) (պարտադիր)
- Ընկերության պետական գրանցման վկայականի պատճեն (պարտադիր)
- Հարկային մարմիններից տեղեկանք կամ քաղցվածք ընկերության հարկային պարտավորությունների մասին (պարտադիր)
- Պատկերավոր ներկայացում (pitch) (պարտադիր)
- Համատեղ գործունեության պայմանագրի պատճենը, եթե մասնակիցները սույն ընթացակարգին մասնակցում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով) մասնակցելու պայմանները սահմանված են սույն մասի 2.5 կետում
- Այլ փաստաթղթեր, ըստ անհրաժեշտության
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու մանրամասները սահմանված են հրավերով:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային թվային ստորագրությունը պարտադիր է: Հայտում ներառվող՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատվող փաստաթղթերը չեն կնքվում:
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/05:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին:
Հեռախոս` 010 59 00 75, 010 59 01 74
Էլ. փոստ` grants2023@hti.am