«Կիբեռանվտանգության հաքաթոն» ծրագիր
հունիսի 24, 2026
Նկարագիր
«Կիբեռանվտանգության հաքաթոնն» իրականացվել է 2025 թվականի հուլիսի 9-11-ին, Ծաղկաձորում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալության հետ համագործակցությամբ:
Այն հիմնված է փորձառական ուսուցման մոտեցման վրա և համատեղում է տեսական ու գործնական բաղադրիչներ։ Մասնակիցները ներգրավվում են իրականությանը մոտեցված կիբեռմիջադեպերի և հարձակման սցենարների լուծման գործընթացում՝ աշխատելով թիմային ձևաչափով և կիրառելով տեղեկատվական անվտանգության ժամանակակից գործիքներ ու մեթոդներ։
Ծրագրի շրջանակում մասնակիցներին տրամադրվում է մասնագիտական աջակցություն փորձառու մենթորների կողմից, ինչը նպաստում է նրանց ինչպես անհատական, այնպես էլ թիմային կարողությունների զարգացմանը։
Հաղթող թիմերը որոշվում են գնահատող հանձնաժողովի կողմից:
Ծրագիրը միաժամանակ ծառայում է որպես հարթակ մասնագիտական փորձի փոխանակման, լավագույն փորձի տարածման և ոլորտի մասնագետների միջև համագործակցության նոր կապերի ստեղծման համար։
Ծրագրի առանցքային արդյունքներից են մասնակիցների գործնական հմտությունների զարգացումը, կիբեռդիմակայունության մակարդակի բարձրացումը, արագ արձագանքման կարողությունների կատարելագործումը և տեղեկատվական անվտանգության ոլորտում մասնագիտական համայնքի ամրապնդումը։
Ծրագիրը ներառում է մասնագիտական սեմինարներ, դասախոսություններ, մենթորական աջակցություն, թիմային աշխատանքներ:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակը մասնակիցների կարողությունների զարգացումն է կիբեռհանցագործությունների և կիբեռսպառնալիքների կանխարգելման, հայտնաբերման, դրանց հակազդման և հետևանքների վերացման ոլորտներում, ինչպես նաև կիբեռանվտանգության բնագավառում միջգերատեսչական և պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումը։
Թիրախային խումբը
«Կիբեռանվտանգության հաքաթոնը» միավորում է ՀՀ պետական մարմինների, ֆինանսական կազմակերպությունների, կրիտիկական ենթակառուցվածքների և տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետներին:
Մասնակցության չափորոշիչները
Մասնակիցների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական փորձը, տեղեկատվական անվտանգության և հարակից ոլորտներում գիտելիքների մակարդակը, ներկայացվող կազմակերպության գործունեության բնույթը, ինչպես նաև ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու ներուժն ու ակնկալիքը։
Առաջնահերթությունը տրվում է կրիտիկական ենթակառուցվածքների, պետական մարմինների և կիբեռանվտանգության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Մասնակցության պայմանները
Հաքաթոնն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Ապահովվում է մասնակիցների կեցությունը, սնունդը, տեղափոխումը միջոցառման անցկացման վայր և վերադարձը:
Դիմելու կարգը
Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:
Իրականացվում է հայտերի գնահատում և մասնակիցների ընտրություն:
Ընտրված թիմերը հրավիրվում են մասնակցելու հաքաթոնին:
Լրացուցիչ տեղեկատվութուն
«Կիբեռանվտանգության հաքաթոնն» իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում:
Հաքաթոնի եռօրյա աշխատանքներին մասնակցել են ՀՀ պետական կառույցների, ֆինանսական, հեռահաղորդակցության և կենսական նշանակության ծառայություններ մատուցող կազմակերպությունների 65 աշխատակից՝ կազմելով 10 թիմ:
Հաքաթոնի ընթացքում ներկայացվել է ամերիկյան «SimSpace» ընկերության կողմից պատրաստված հարթակը, վերջինիս հիմնական գործառույթները, ինչպես նաև սիմուլյացիոն մրցույթի կանոնները: Այստեղ են արտացոլվել հաղթող թիմերի միավորները։
Հարթակը մոդելավորել էր «Bronze Butler» կիբեռհաքերային խմբի գործողությունների վրա հիմնված կենդանի հարձակման իրավիճակ։ Մասնակիցներին տրվել է առաջադրանք՝ վերլուծել տվյալները (logs), հայտնաբերել ներխուժման հետքերն ու ապացույցները։
Հրավիրված մենթորները ներկայացնում էին «Sim Space» ընկերությունը: Մասնագետները ոչ միայն հանդես եկան որպես միջոցառման փորձագետներ, այլև աջակցեցին մասնակիցներին հարթակի կիրառման, սիմուլյացիոն սցենարի իրականացման և առաջադրանքների կատարման գործընթացներում։
Մրցապայքարում մասնակիցները ներկայացրել են տվյալների պաշտպանության, կիբեռհարձակումների դիմագրավման, ցանցային անվտանգության բարելավման, սպառնալիքների վաղ հայտնաբերման վերաբերյալ լուծումներ:
Առաջին մրցանակին է արժանացել «Access Denied» թիմը՝ ստանալով 2,5 մլն ՀՀ դրամ, երկրորդ մրցանակին՝ «Թիվ 1» թիմը՝ ստանալով 1,5 մլն ՀՀ դրամ, երրորդ մրցանակին՝ «HackShield» թիմը՝ ստանալով 1 միլիոն ՀՀ դրամ:
Ծրագրի բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր:
Կոնտակտային տվյալներ
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել info@hti.am էլ․ փոստի միջոցով կամ +374 10590186 հեռախոսահամարով: