Դավիթ Թադևոսյանն ընդունել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուին. քննարկվել են համագործակցության հեռանկարները

հոկտեմբեր 28, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովուի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տեխնոլոգիական կրթության, արհեստական բանականության  և թվայնացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Զիմբաբվեում հայկական տեխնոլոգիական կրթության հաջողված մոդելների  փորձի կիրառմանը, ԱԲ, ռոբոտաշինության և ինժեներական ուղղություններով  կրթական ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Կողմերն անդրադարձել են նաև շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտում հայկական ԱԲ լուծումներին և տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին՝ ուղղված կլիմայական ռիսկերի գնահատմանը, երաշտների կանխատեսմանն ու բնական ռեսուրսների կառավարմանը:

Քննարկվել են նաև պետական համակարգի թվայնացման և հանրային ծառայությունների ավտոմատացման ուղղությամբ Հայաստանի հաջողված փորձի փոխանակման հեռանկարները: