Ներկայացվել են Համաշխարհային բանկի զեկույցները, քննարկվել Հայաստանի ԱԲ զարգացման առաջնահերթությունները
նոյեմբեր 23, 2026
«DigiTec 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում նոյեմբերի 21-ին ներկայացվել են Համաշխարհային բանկի երկու առանցքային զեկույցներ, որոնց հաջորդել է «Արհեստական բանականության խոստումը Հայաստանի համար» խորագրով պանելային քննարկումը։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են «Համաշխարհային զարգացման զեկույց 2026․ Արհեստական բանականության խոստումը» (World Development Report 2026: The Promise of Artificial Intelligence) և «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական թարմացում․ ԱԲ-ի կիրառումը հանուն աշխատատեղերի, ընկերությունների և արտադրողականության» (Europe and Central Asia Economic Update: Making AI Work for Jobs, Firms, and Productivity) զեկույցները։
Զեկույցներում ընդգծվում է, որ արհեստական բանականությունը կարող է դառնալ զարգացող տնտեսությունների տնտեսական աճի և արտադրողականության բարձրացման կարևոր գործոն։ Ըստ «Համաշխարհային զարգացման զեկույց 2026»-ի՝ ԱԲ արդյունավետ կիրառման շնորհիվ զարգացող երկրները կարող են մեկ տասնամյակում հասնել այնպիսի առաջընթացի, որի համար այլ պայմաններում կպահանջվեր շուրջ մեկ դար։ Միևնույն ժամանակ, տեխնոլոգիայի ներուժն իրացնելու համար անհրաժեշտ է զարգացնել էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, ընդլայնել համացանցի հասանելիությունը, բարձրացնել մարդկային կապիտալի հմտությունները և ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները։
Զեկույցում նշվում է նաև, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աշխատատեղերի շուրջ 16.2%-ը կարող է օգտվել ԱԲ ներդրումից՝ արտադրողականության բարձրացման տեսանկյունից, մինչդեռ աշխատատեղերի միայն 4.5%-ն է գտնվում գեներատիվ ԱԲ-ի միջոցով ավտոմատացման ռիսկի ներքո։ Այսպիսով՝ զարգացող տնտեսություններում տեխնոլոգիայի ազդեցությունը կարող է առավելապես դրսևորվել ոչ թե աշխատողների փոխարինմամբ, այլ նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։
Շնորհանդեսին հաջորդած պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Օքսաննա Աբրահամյանը, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թվային և արհեստական բանականության պրակտիկայի ղեկավար Իզաբել Նետոն և «Eleveight AI» ընկերության գլխավոր բիզնես տնօրեն Դավիթ Առաքելյանը։
Քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղությունները, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ընթացքը և պետական կառավարման համակարգում ու տնտեսության տարբեր ոլորտներում տեխնոլոգիայի կիրառման առաջնահերթությունները։
Ներկայացնելով ԱԲ էկոհամակարգի զարգացման հինգ հիմնական բաղադրիչները՝ էներգետիկա, ենթակառուցվածքներ, տվյալներ, կիրառություններ և մոդելներ՝ նախարարի տեղակալն ընդգծել է դրանց համաչափ զարգացման կարևորությունը։ Նրա խոսքով՝ առանց համապատասխան էներգետիկ և թվային ենթակառուցվածքների հնարավոր չէ ապահովել արհեստական բանականության կայուն զարգացումը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել են նաև թվային ինքնիշխանության ամրապնդումն ու Հայաստանի սեփական տեխնոլոգիական կարողությունների զարգացումը։
Անդրադառնալով հեռահաղորդակցության և հաշվարկային ենթակառուցվածքների ընդլայնմանը՝ Գևորգ Մանթաշյանը նշել է «Արհեստական բանականության գործարանների այգի» (Garden of AI Factories) հայեցակարգի մասին և առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսված 25 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանակում գրաֆիկական պրոցեսորների (GPU) վարձակալության մասին։
Խոսելով արհեստական բանականության գործնական կիրառության մասին՝ Գևորգ Մանթաշյանն առաջնահերթ է համարել այնպիսի լուծումների ներդրումը, որոնք կարող են անմիջականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը։ Որպես օրինակ՝ նա նշել է առողջապահությունը և Երևանում, հանրապետության համայնքներում երթևեկության կառավարման խնդիրները՝ ընդգծելով, որ ԱԲ գործիքները կարող են նպաստել երթևեկության տվյալների վերլուծությանը և կառավարման առավել արդյունավետ լուծումների մշակմանը։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել առողջապահության ոլորտին։ Նախարարի տեղակալը նշել է, որ առողջապահական տվյալների վերլուծությունը կարող է էականորեն աջակցել բժշկական ախտորոշման գործընթացներին։ Այս ուղղությամբ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արդեն իրականացվում են փորձնական ծրագրեր։
Անդրադառնալով արդարադատության համակարգում տեխնոլոգիայի կիրառմանը՝ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ արհեստական բանականությունը կարող է աջակցել իրավական գործընթացներին և որոշումների կայացմանը նախորդող վերլուծական աշխատանքներին։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ այս փուլում ԱԲ-ն պետք է ծառայի որպես օժանդակ գործիք, իսկ վերջնական որոշումների կայացումը մնա մարդու պատասխանատվության ներքո։ Այս համատեքստում կարևորվել են նաև իրավական դաշտի գնահատումն ու համապատասխան կարգավորումների կատարելագործումը։
Բիզնեսի և արդյունաբերության ոլորտներում ԱԲ ներդրման հնարավորությունների համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նորարարության համար բարենպաստ միջավայրի պահպանումը։ Նրա խոսքով՝ այս փուլում առաջնային է ոչ թե նոր զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ սահմանափակող կարգավորումների սահմանումը, այլ դրանց պատասխանատու կիրառության և ինքնակարգավորման մշակույթի ձևավորմանը նպաստելը։
Ամփոփելով Հայաստանի համար արհեստական բանականության զարգացման առաջնահերթությունները՝ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է գործընթացների արագացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ կարևոր է զուգահեռաբար զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, ընդլայնել տեխնոլոգիայի գործնական կիրառությունը և ապահովել դրա պատասխանատու ներդրումը։
Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի խմբի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համագործակցությամբ՝ քննարկելու արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, դրա ազդեցությունը տնտեսության մրցունակության և պետական կառավարման արդյունավետության վրա, ինչպես նաև երկրների թվային ապագայի ձևավորման հեռանկարները։