Տաթև Ասլանյանը հանդիպել է Թուլուզի համալսարանի և ՀՖՀՀ-ի ներկայացուցիչների հետ

նոյեմբեր 26, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հանդիպել է Թուլուզի համալսարանի Եվրոպական և միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Ռիշար Գիլեի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Սալվա Նակուզիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական գիտական, կրթական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, բարձրագույն կրթության և հետազոտությունների միջազգայնացման, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի համալսարանների միջև ինստիտուցիոնալ կապերի և համատեղ հետազոտական ծրագրերի զարգացման հնարավորությունները։

Տաթև Ասլանյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացմանն ուղղված պետական նախաձեռնությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «ԱԲ գործարաններ պարտեզ» հայեցակարգին,  Firebird AI-ի և Eleveigt AI֊ի  հնարավորութուններին: 

Նախարարի տեղակալն ընդգծել է ժամանակակից GPU-ների և բարձր հզորությամբ հաշվողական ռեսուրսների հասանելիության կարևորությունը գիտահետազոտական և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար՝ շեշտելով, որ պետությունն արդեն շուրջ 25 մլն դոլարի ներդրում է իրականացրել GPU-ների ձեռքբերման ուղղությամբ՝ դրանք տեղական էկոհամակարգում կիրառության մեջ դնելու նպատակով։

Քննարկվել են նաև արհեստական բանականության ոլորտում պետական կառավարման կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը։ Տաթև Ասլանյանն անդրադարձել է «ԱԲ գրասենյակի» (AI Office) ձևավորմանը, որը համակարգելու է ԱԲ քաղաքականության իրականացումն ու ռիսկերի կառավարումը, ինչպես նաև «ԱԲ-ն առաջինը» (AI First) նախաձեռնությանը, որի նպատակն է պետական կառավարման համակարգում արհեստական բանականության անվտանգ և արդյունավետ կիրառումը։

Հանդիպման կարևոր ուղղություններից է եղել մարդկային կապիտալի զարգացումը և կրթության ու գիտության կապի ամրապնդումը։ Քննարկվել են համատեղ կրթական և հետազոտական ծրագրերի ընդլայնման, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների պատրաստման, ինչպես նաև ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) ուղղությամբ հետազոտությունների զարգացման հնարավորությունները։

Ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական և հետազոտական ծրագրերի փորձը՝ առանձնացնելով արհեստական բանականության մագիստրոսական ծրագրի մոդելը, որը ներառում է հետազոտական և արդյունաբերական պրակտիկա ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան առաջատար լաբորատորիաներում։

Քննարկվել են նաև երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների համար կրթաթոշակային և ֆինանսավորման մեխանիզմների ձևավորման, տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (TTO) զարգացման և գիտության ու բիզնեսի միջև կապերի ամրապնդման հնարավորությունները։ Այս համատեքստում կարևորվել է նաև համապատասխան մեխանիզմների ձևավորումը, որոնք կնպաստեն բարձր որակավորում, այդ թվում՝ գիտական աստիճան ունեցող մասնագետների ներգրավմանը բիզնեսում։

Կողմերն անդրադարձել են նաև կիսահաղորդիչների ոլորտում ամառային դպրոցի կազմակերպման հնարավորությանը, որը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա հունիս-հուլիս ամիսներին՝ Ֆրանսիական համալսարանի և տեղական այլ բուհերի մասնակցությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ առաջիկայում հստակեցնելով հետազոտական և կրթական ծրագրերի ուղղությունները, դրանց իրականացման հնարավորություններն ու անհրաժեշտ ռեսուրսները։