Մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար. հայտարարվել է «Թալես»-«ԲուՏեխ» ռազմավարական գործընկերության մասին

հունիսի 16, 2026

«Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում հայտարարվել է ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարևոր ազդակ է․ հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու և միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում։ 

Կարևոր է ընդգծել, որ այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երևանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։

 «Թալես» - «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը։