Նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն

նոյեմբեր 06, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ։

Կենտրոնի գլխավոր տնօրեն Գևորգ Ալեքսանյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններն ու առկա տեխնիկական հնարավորությունները։

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակի պարբերական վերանայման և այն միջազգային հաճախականային բաշխումներին համապատասխանեցնելու, ինչպես նաև Հայաստանին հատկացված արբանյակային ուղեծրային դիրքերի ու հաճախականային շերտերի միջազգային կոորդինացման և գրանցման հարցերը։

Այնուհետև Դավիթ Թադևոսյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, սարքավորումներին, մոնիթորինգի և չափումների իրականացման գործընթացներին ու կենտրոնի տեխնիկական հնարավորություններին։ Ներկայացվել է նաև դրանց կիրառությունը ռադիոհաճախականությունների արդյունավետ կառավարման, ռադիոեթերի վերահսկողության և հեռահաղորդակցության համակարգերի անխափան աշխատանքի ապահովման գործում։

Նախարարը կարևորել է կենտրոնի գործունեության շարունակական զարգացումը, տեխնիկական հնարավորությունների կատարելագործումն ու ժամանակակից լուծումների ներդրումը, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական կարողությունների զարգացումը։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության ոլորտի կայուն և հուսալի գործունեության համար կարևոր են ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, այլև դրանց արդյունավետ վերահսկողությունն ու տեխնիկական հագեցվածությունը։ Նա կարևորել է նաև կարողությունների ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունն ընդգրկում է ռադիոհաճախականությունների տիրույթի վերահսկողությունը, ռադիոեթերի մոնիթորինգը, ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումները, ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների տեխնիկական զննումն ու փորձաքննությունը, ինչպես նաև եթերի խանգարումների աղբյուրների հայտնաբերումն ու վերացումը։