Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են տեխնոլոգիական գործընկերության ընդլայնման հեռանկարները
նոյեմբեր 14, 2026
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պատերազմի քարտուղարությունում և ԱՄՆ պետքարտուղարությունում։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, նորարարության և տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։
Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման առաջնահերթությունները, ոլորտի ներուժը և բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրությունների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ընդգծվել է Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական գործընկերոջ դիրքավորման, ինչպես նաև միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման կարևորությունը։
Քննարկումների առանցքում են եղել հետազոտությունների և մշակումների, կիբեռանվտանգության, էլեկտրոնիկայի, կիսահաղորդչային տեխնոլոգիաների և առաջադեմ արտադրության ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան ընկերությունների և հետազոտական կառույցների հետ գործընկերային կապերի ձևավորմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանը և Հայաստանում տեխնոլոգիական ու ինժեներական գործունեության ընդլայնմանը։
Կողմերը կարևորել են նորարարական լուծումների մշակման և առևտրայնացման, տեխնոլոգիական կարողությունների զարգացման, մասնագիտական ներուժի ամրապնդման, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության խթանման ուղղությամբ փորձի փոխանակումն ու համատեղ աշխատանքը։
Հանդիպումների ընթացքում ընդգծվել է ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ և գործնական տեխնոլոգիական գործընկերություն ձևավորելու Հայաստանի շահագրգռվածությունը՝ հիմնված երկու երկրների փոխլրացնող տեխնոլոգիական և ինժեներական կարողությունների վրա։ Համագործակցության հեռանկարային նպատակներից են համատեղ մշակումների խթանումը, արտադրական կարողությունների զարգացումը, տեխնոլոգիաների փոխանակումը և հայկական ընկերությունների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը։
ԱՄՆ պետական կառույցների հետ հանդիպումները կարևոր քայլ են երկկողմ տեխնոլոգիական գործընկերության խորացման, ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության միջազգային համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։
Քննարկմանը նաև անդրադարձ է եղել TRIPP նախագծին և տարածաշրջանային հեռահաղորդակցության կապակցվածության վերաբերող հարցերին: