Նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «Swedfund» աքսելերատոր ծրագրի ներկայացուցիչներին. քննարկվել են գործակցության հեռանկարները
հոկտեմբեր 05, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Շվեդիայի զարգացման ֆինանսական հաստատության՝ «Swedfund»-ի աքսելերատոր ծրագրի տնօրեն Յոհան Բոստրյոմ Հեյսկալայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ Հայաստանում կայուն ենթակառուցվածքային նախագծերի շուրջ թվայնացման, հեռահաղորդակցության եւ ոլորտային այլ ուղղություններով։
Գևորգ Մանթաշյանը կարևորել է միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը, ներկայացրել է նախարարության ընթացիկ բարեփոխումներն ու ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության դերը երկրի կայուն զարգացման գործում, անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ձևաչափերին, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և հեռահաղորդակցության ոլորտների զարգացման առաջնահերթություններին։
Յոհան Բոստրյոմ Հեյսկալան, իր հերթին, ներկայացրել է «Swedfund»-ի հիմնական առաքելությունն ու աքսելերատոր ծրագրի շրջանակը, որի հիմնական նպատակն է խթանել կայուն ենթակառուցվածքների նախագծերի իրականացմանը։ Նա նշել է, որ Swedfund-ը հետաքրքրված է Հայաստանի արագ զարգացող էկոհամակարգով և պատրաստ է ուսումնասիրել տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, ինչպես նաև անվտանգ և հուսալի թվային հաղորդակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել ստարտափների աջակցման գործիքակազմերին և կայուն տնտեսական աճի ապահովման գործում նորարարությունների դերին, «ԱԲ գործարանների պարտեզ»-ի հայեցակարգին, որը կդիրքավորի Հայաստանը, որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ, ինչպես նաև ռազմավարական էներգետիկ ծրագրերին, որոնք անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների անխափան և կայուն աշխատանքն ապահովելու համար:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել նախատեսված ծրագրի իրականացումը, պահպանել աշխատանքային շփումները և շարունակել քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործնական քայլերը: