300 մլրդ դրամի շրջանառություն, ԱԲ գործարաններ և ռազմական արտահանում.Մխիթար Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 2,5 տարիները

օգոստոսի 01, 2026

«Seaside Startup Summit Armenia 2026»-ի եզրափակիչ օրը` օգոստոսի 1-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ ներկայացնելով պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու առանցքային ձեռքբերումները։

Ելույթի սկզբում նախարարն անդրադարձել է իր քաղաքական ուղու մեկնարկին՝ նշելով, որ նախարարի պաշտոնը ստանձնելը հնարավորություն էր ստանձնելու պատասխանատվություն և իր ներդրումն ունենալու պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում երկարաժամկետ արժեքների ձևավորման գործում։

Ռազմարդյունաբերություն․ Եռամյա ծրագրեր, բյուջեի աճ և արտահանման մեկնարկ

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ռազմարդյունաբերությունը նախարարության գործունեության առանցքային ուղղություններից է։ Նրա խոսքով՝ վերջին 2.5 տարիներին իրականացված բարեփոխումները հիմք են ստեղծել ոլորտի երկարաժամկետ զարգացման համար։ Խոսելով ոլորտում արձանագրված  ցուցանիշների մասին՝ նախարարը նշել է, որ հայաստանյան ռազմարդյունաբերության համար հեղափոխական է եղել եռամյա ծրագրերի մեխանիզմը։ 2025թ. տվյալներով՝ ոլորտի շրջանառությունն անցել է 300 միլիարդ դրամը։ 28 ընկերություններ դարձել են շահառու՝ վճարելով շուրջ 33 միլիարդ դրամի հարկեր։

Նախարարն անդրադարձել է նաև ներքին պատվերների երկարաժամկետ ապահովմանը`  նշելով, որ ՀՀ վարչապետի գործուն մասնակցությամբ, առաջնորդությամբ և Բարձր տեխնոլոգիաների և Պաշտպանության նախարարությունների համատեղ համագործակցության արդյունքում ի սկզբանե չբյուջետավորված 190 միլիարդ դրամ բյուջետավորվել է հաջորդ եռամյա ծրագրի համար (150 միլիարդ դրամ՝ եռամյա ծրագրերով, և 1 ընկերության հետ 5-ամյա պայմանագիր զինամթերքի մասով՝ ևս 40 միլիարդ դրամ)։

«Սա նշանակում է, որ արդեն 2028-2030թթ. մենք երաշխավորված ներքին պատվեր ենք իջեցնում, ինչը նոր և երկարաժամկետ զարգացման թթվածին է ապահովելու ռազմարդյունաբերական համալիրի համար»,- ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով ռազմական արտադրանքի արտահանման թեմային՝ Մխիթար Հայրապետյանը շեշտել  է, որ չի կարող լինել արդյունաբերություն, եթե այն միայն կախված է 1 պատվիրատուից։

«Սա անքննելի ճշմարտություն է,  և հայաստանյան արդյունաբերողները, ունենալով առաջնային առաքելություն, նախ պետք է արտադրեն նորարար լուծումներով ռազմական արտադրանք, միևնույն ժամանակ մրցունակ պրոդուկտներ՝ միջազգային շուկաների համար։ Առաջին անգամ եմ ասում․ 2026թ. արտահանման 3 երկիր ունենք, սրանք ոչ թե պայմանագրեր են, այլ Հայաստանում արտադրված, ամբողջությամբ գումարը վճարված ռազմական արտադրանք, որը դուրս է եկել մեր երկրից։ Ավելին, ունենք կնքված պայմանագրեր և կանխավճարներ ստացված ևս 5 տարբեր երկրների հետ։ Ընդհանուր առմամբ` 2026թ. կունենանք 7 երկիր մատակարարում և արտահանում (քանի որ երկրներից մեկը համընկնում է)։ Արտահանում նշանակում է որակ, մրցունակություն և ստանդարտներ։ Սա նշանակում է, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը դառնում է մրցունակ և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Չենք կտրվում իրականությունից, սա մեր մշտական երկխոսությունն է մեր գործընկերների հետ, բայց սա արդեն լրջագույն ձեռքբերում է, որով մենք հպարտանում ենք։»,- ասել է Մխիթար Հայրապետյանը։

Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ նախարարը նշել է, որ վերացվել է շահույթի 15 տոկոսի առավելագույն շեմը, որը գործում էր մինչև 2024–2025 թվականները և ոլորտի զարգացման լրջագույն խոչընդոտներից էր։ Բացի այդ, զենքի արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման գործառույթը Պաշտպանության նախարարությունից փոխանցվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

Նրա խոսքով՝ մշակվել է նաև պետական փորձարկումների նոր կարգ, որի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել 155 մմ տրամաչափի արկերի և շուրջ 50 նոր տեսակի ռազմական արտադրանքի պետական փորձարկումներ։ Նախարարը նշել է նաև, որ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ֆինանսավորման ծրագրի կատարողականը գրանցել է շուրջ 100% աճ։ 

«2023 թվականին փոխանցել ենք 1,1 միլիարդ դրամ, 2024-ին՝ 1,5 միլիարդ,  2025 թվականին՝ 2,1 միլիարդ դրամ։ Ներդրվել է TRL (Technology Readiness Levels) համակարգը»։

Քայլեր են ձեռնարկվել ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության առողջացման ուղղությամբ։ Կայացվել են համարձակ և համակարգային որոշումներ, որոնց շրջանակում «Լազերային տեխնիկան» միավորվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին (ԵրՄՄԳԻ), ինչպես նաև վերակազմավորվել են «Գառնի-Լեռ» և «Պատնեշ» ընկերությունները։ Միաժամանակ մարվել են տասնյակ աշխատակիցների ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձերի պարտավորությունները։

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաև ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են գործընկերային կապերը։ Նրա խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքներից են դարձել ֆրանսիական «Թալես» և հայկական «Բուտեխ» ընկերության միջև Eurosatory ցուցահանդեսի շրջանակում ստորագրված պայմանագիրը, ինչպես նաև էմանուել Մակրոնի պետական այցի շրջանակում կնքված ռազմավարական համաձայնագիրը, որը հիմք է ստեղծել համատեղ ռազմարդյունաբերական գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական (R&D) աշխատանքների ու արտադրության համար։

Արհեստական բանականություն (ԱԲ), տվյալային կենտրոններ

Ներկայացնելով ԱԲ ոլորում իրականացված և նախատեսվող ծրագրերը՝ նախարարը նշել է, որ 2024թ. նախարարությունը հավատացել է, որ Հայաստանը կարող է դառնալ ԱԲ գործարանների կամ տվյալային կենտրոնների տարածաշրջանային հանգույց, դառնալ ԱԲ գործարանների պարտեզ։ Այս նպատակի իրագործման գործում,  վճռորոշ քայլ է եղել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտի ռազմավարական փաստաթղթի ստորագրումը։

Բացի այդ, մշակվել է պետական կառավարման համակարգում ԱԲ գործիքների կիրառման և կարգավորման հայեցակարգը։ Առաջիկայում Ազգային ժողովը կընդունի օրենք, որով կվերանվանվի նախարարությունը, կստեղծվեն նոր ստորաբաժանումներ և առանձին ԱԲ գրասենյակ։

Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ նախարարը փաստել է, որ այցելել է Գագարին բնակավայր, որտեղ տեղադրված են մի քանի հարյուր ժամանակակից գրաֆիկական պրոցեսորներ (GPU)։ Այնտեղ արդեն իսկ կատարվել է 120 միլիոն դոլարի ներդրում, և նախատեսվում է իրականացնել մինչև 2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։

Անդրադառնալով Firebird AI ընկերության համագործակցութամբ Հրազդանում կառուցված ԱԲ գործարանին` նախարարը նշել է, որ  կենտրոնի պաշտոնական բացումը նախատեսված է օգոստոսի 8-ին․ այնտեղ արդեն իսկ տեղադրված են հազարավոր պրոցեսորներ, իրականացվել է 500 միլիոն դոլարի ծրագիր, և ընկերությունն արդեն ստացել է երկրորդ փուլի լիցենզիան՝ ևս 42,000 GPU-ների համար։

Ներկայացվել է նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ ծրագիրը, որը հաշվողական ԱԲ ռեսուրսները բաշխում է ինդուստրիային, գիտնականներին, նորարարներին ու համալսարաններին։ 16 շահառուների արդեն տրվել են ռեսուրսներ։

Բարձր տեխնոլոգիաներ, ոլորտի ռազմավարություն, նորարարական էկոհամակարգ

Նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն առաջին անգամ կունենա համապարփակ ռազմավարություն, որը կսահմանի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու պետական առաջնահերթությունները։

Նրա խոսքով՝ մինչ այժմ ոլորտը զարգացել է հիմնականում առանձին նախաձեռնությունների և մասնավոր հատվածի ջանքերի շնորհիվ, սակայն չի ունեցել պետական ռազմավարական փաստաթուղթ, որը կապահովեր կանխատեսելիություն և զարգացման հստակ ուղղություններ։

«Մենք ուզում ենք Հայաստանը դիրքավորել որպես դիփ թեք խաչմերուկ և դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն»,֊ ընդգծել է նախարարը։

Ռազմավարության հիմքում դրված են հինգ հիմնասյուներ՝ հմուտ աշխատուժի ձևավորում, համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքների զարգացում, կենսունակ նորարարական էկոհամակարգի ստեղծում, գլոբալ ինտեգրման և արտահանման խթանում, ինչպես նաև անվտանգ թվային միջավայրի ապահովում։

Որպես առաջնահերթ ուղղություններ սահմանվել են ԱԲ-ն, տվյալագիտությունը, մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, բիոինժեներիան և բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական լուծումները և կանաչ տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով՝ ապագայում նախարարության աջակցության բոլոր ծրագրերը կառուցվելու են հենց այս ուղղությունների շուրջ։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև կիսահաղորդչային ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերների հետ շարունակական աշխատանքի և բանակցությունների արդյունքում Հայաստանին հաջողվել է ստանալ բացառություններ՝ ամերիկյան բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումների շրջանակում։

Նախարարի խոսքով՝ այդ գործընթացում առանցքային նշանակություն է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական փաստաթուղթը, որի արդյունքում հայկական ընկերությունների համար հնարավոր է դարձել ստանալ համապատասխան արտահանման թույլտվություններ։

Նա հայտնել է նաև, որ արդեն գրանցվել է առաջին հաջողված արդյունքը․ Microchip Technology ընկերությունը ստացել է համապատասխան արտահանման լիցենզիա, իսկ մյուս ընկերությունների հայտերը գտնվում են քննարկման փուլում։

Նախարարն անդրադարձել է նաև տեխնոլոգիական համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ շարունակական են լինելու հաքաթոնները, դրամաշնորհային ծրագրերը և տեխնոլոգիական կրթությանն ուղղված նախաձեռնությունները։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին կազմակերպվել են ուսանողական, ռոբոտաշինության և կիբեռանվտանգության հակաթոններ, իսկ մարզերում տեխնոլոգիական գրագիտության ծրագրերով վերապատրաստվել է ավելի քան 1100 մասնակից։

«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2.5 տարվա ընթացքում 59 նախագիծ ստացել է շուրջ 385 մլն դրամի պետական աջակցություն։ Միաժամանակ իրականացվում է ծրագրի արդյունավետության գնահատում, որի արդյունքներով այն կվերափոխվի։

Նախարարն ընդգծել է նաև, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Seaside Startup Summit Armenia նախաձեռնությանը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես ստարտափների ներկայացման հարթակ, այլև որպես նորարարական մշակույթի և ձեռնարկատիրական մտածողության ձևավորման կարևոր գործիք։

Կապ և հեռահաղորդակցություն

Կապի և հեռահաղորդակցության ոլորտում նախարարն առանձնացրել է 3800 ՄՀց հաճախականությունների տիրույթի ազատականացումը, որն իրականացվել է Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ։

Մրցույթի արդյունքում ընտրված օպերատորի կողմից նախատեսվում է մինչև 2027թ. ապահովել նոր սերնդի կապի ծառայությունների հասանելիություն 497 բնակավայրերում, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետով ծածկել միջպետական ճանապարհների 98 տոկոսը. դրանց մի մասը կունենա նաև 5G ծածկույթ։

Ներկայացվել է նաև ռադիոմոնիթորինգի ազգային համակարգը, որն արդեն գործում է շուրջօրյա ռեժիմով և ապահովում է ռադիոհաճախականությունների արդյունավետ վերահսկողությունը։

Նախարարն անդրադարձել է նաև Starlink արբանյակային ինտերնետի գործարկման գործընթացին՝ նշելով, որ երկար բանակցություններից հետո 2025թ. ծառայությունն արդեն ակտիվացվել է Հայաստանում։ Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում SpaceX-ը Հայաստանին նվիրաբերել է 100 Starlink տերմինալ և մեկ տարվա անվճար բաժանորդագրություն՝ դպրոցների համար, իսկ հետագայում տրամադրվել են նաև լրացուցիչ սարքավորումներ՝ արտակարգ իրավիճակների ծառայությունների կարիքների համար։

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաև հայաստանյան տիեզերական ծրագրին, նշել, որ 2024թ. «Արմսաթ-1» արբանյակի ամբողջական կառավարումը փոխանցվել է հայ մասնագետներին, որոնք արդեն ձեռք են բերել արբանյակների շահագործման անհրաժեշտ փորձառությունն ու կարողությունները։ 2025թ. ծրագրի ավարտից հետո ներբեռնված տվյալները տրամադրվել են գիտական և հետազոտական խմբերին՝ հետագա ուսումնասիրությունների համար։ Միաժամանակ մշակվել են նոր արբանյակային ծրագրի տեխնիկական պահանջները, ընտրվել է նախընտրելի տարբերակը, և, նախարարի խոսքով, առաջիկայում կսկսվի ծրագրի իրականացման վերջնական փուլը։

Զուգահեռաբար մշակվել է նաև ազգային տիեզերական ռազմավարության նախնական հայեցակարգը, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում։

Կիբեռանվտանգություն և թվայնացում

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ կիբեռանվտանգությունն ու թվայնացումը շարունակում են մնալ նախարարության առանցքային բարեփոխումների շարքում։ Ներդրվել են միասնական մոտեցումների ձևավորման օրենսդրական հիմքերը, սահմանվել է միջազգային առաջատար չափանիշներին համահունչ կիբեռանվտանգության կարգավորման շրջանակ։ Ստեղծվել է կիբեռսպառնալիքների վաղ հայտնաբերման և ազդարարման ազգային կարողությունների զարգացման հիմքը։ Պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ձևավորվել են «մեկ հարցման» սկզբունքի կիրառման և տվյալների փոխգործելիության օրենսդրական հիմքերը, ինչը հնարավորություն է տալիս ապահովել հանրության և բիզնեսի համար ամբողջությամբ թվային հանրային ծառայությունների մատուցումը։

Նախարարն անդրադարձել է նաև Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործունեությանը՝ նշելով, որ  հանձնաժողովը կհամակարգի տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումները, կձևավորի պետական տեղեկատվական համակարգերի թվային ճարտարապետությունը և կապահովի միասնական, անվտանգ թվային միջավայրի կարգավորման իրավական հիմքերը։

Ելույթի ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Կառավարության, պետական կառավարման համակարգի, մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և նախարարության թիմի բոլոր ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ վերջին 2.5 տարիների ձեռքբերումները համատեղ աշխատանքի արդյունք են։ Նա վստահություն է հայտնել, որ մեկնարկած ծրագրերն ու բարեփոխումները կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական և նորարարական էկոհամակարգի հետագա զարգացմանը։