Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
նոյեմբեր 09, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 26»-ի շրջանակում անցկացված՝ «Հայաստանը՝ տեխնոլոգիական զարգացման ազդեցության առանցքում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական օրակարգի հիմնական առաջնահերթություններին, ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին և իրականացվող առանցքային նախագծերին։
Ներկայացնելով օրակարգի առաջնահերթությունները՝ Դավիթ Թադևոսյանը նշել է, որ այսօր դրանց առանցքում արհեստական բանականությունն է, իսկ ոլորտի զարգացման կարևոր նախապայմաններից մեկը՝ հաշվողական ռեսուրսների հասանելիությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակն է էկոհամակարգի մասնակիցներին ապահովել մատչելի և լայնածավալ հաշվողական ռեսուրսներով։ Այս ուղղությամբ կարևոր դեր ունեն Firebird AI-ի, Eleveight AI-ի և այլ նախաձեռնությունների զարգացումը։
Նախարարը կարևորել է նաև մասնագիտական ներուժի զարգացումը՝ անդրադառնալով ֆիզիկական արհեստական բանականության ուղղությամբ իրականացվող կրթական նախաձեռնություններին։ Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ առաջիկա տարիներին դրանք կնպաստեն նոր մասնագետների պատրաստմանը, ստարտափների և գիտահետազոտական թիմերի ձևավորմանը՝ մասնավորապես համակարգչային տեսողության և սենսորային տեխնոլոգիաների ոլորտներում։
Դավիթ Թադևոսյանն անդրադարձել է նաև բարձր տեխնոլոգիական արտադրության զարգացման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է անցում կատարի փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից սերիական արտադրություն։ Այս համատեքստում նա նշել է Industry 4.0-ի, Dark Factory-ի և Agile Manufacturing-ի լուծումների կիրառման հնարավորությունները, որոնք ընկերություններին թույլ կտան օգտվել անհրաժեշտ արտադրական ենթակառուցվածքներից՝ առանց խոշոր կապիտալ ներդրումների։
Խոսելով ներդրումների և միջազգային համագործակցության մասին՝ նախարարը նշել է, որ հաշվողական ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկն արդեն իսկ հետաքրքրություն է առաջացնում միջազգային գործընկերների շրջանում։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, այլև այնպիսի միջավայրի ձևավորումը, որը կնպաստի միջազգային տեխնոլոգիական թիմերի, հետազոտողների և ներդրողների ներգրավմանը։
Դավիթ Թադևոսյանը տեղեկացրել է, որ այս ուղղությամբ կնքվել է 25 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր, որի նպատակն է նպաստել Հայաստանի հաշվողական ենթակառուցվածքների զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։
Քննարկման ավարտին նախարարն ընդգծել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը կարող է դառնալ արհեստական բանականության, գիտահետազոտական գործունեության և բարձր տեխնոլոգիական արտադրության տարածաշրջանային կարևոր կենտրոն՝ նոր հնարավորություններ ստեղծելով տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար։