Ինժեներական քաղաքում բացվել է Քեմ Ղաֆֆարիանի անունը կրող աստղը․ Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

նոյեմբեր 06, 2026

Ինժեներական քաղաքում նոյեմբերի 5-ին  տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆֆարիանի անունը կրող աստղի բացման հանդիսավոր արարողությունը։

Քեմ Ղաֆֆարիանը X-energy, Intuitive Machines, Axiom Space և Quantum Space ընկերությունների համահիմնադիր և գործադիր նախագահն է։ Նա արժանացել է 2026 թվականի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին։

Արարողությունից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն առանձին հանդիպում է ունեցել Քեմ Ղաֆֆարիանի հետ։

Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով նրա նշանակալի ներդրումն առաջադեմ տեխնոլոգիաների, մասնավորապես՝ տիեզերական և էներգետիկ ոլորտների զարգացման ու վերափոխման գործում։

Հանդիպման ընթացքում Դավիթ Թադևոսյանն անդրադարձել է Քեմ Ղաֆֆարիանի մասնագիտական ուղուն՝ այն բնորոշելով որպես ոգեշնչող օրինակ, թե ինչպես կարելի է հաղթահարել սկզբնական սահմանափակումներն ու սեփական տեսլականի, նպատակասլացության և հետևողական աշխատանքի շնորհիվ հասնել համաշխարհային նշանակության հաջողությունների։ Նախարարը մասնավորապես նշել է, որ Ղաֆֆարիանի հիմնադրած ընկերություններից մեկի՝ որպես մասնավոր կազմակերպության, կողմից Լուսնի մակերևույթին տիեզերանավի վայրէջքը պատմական ձեռքբերում է։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ Քեմ Ղաֆֆարիանի այցը կարևոր է ոչ միայն Հայաստանի տեխնոլոգիական տեսանելիության բարձրացման, այլև հնարավոր գործնական համագործակցության տեսանկյունից։ Նա նշել է, որ հատկապես տիեզերական ոլորտում առկա են համագործակցության հեռանկարներ, որոնք համահունչ են Հայաստանի Հանրապետության տիեզերական ռազմավարության ուղղություններին։

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերն ու առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ, Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, առկա մասնագիտական ներուժը, գիտահետազոտական և ինժեներական կարողությունները, ինչպես նաև տիեզերական ու հարակից տեխնոլոգիական ուղղությունների զարգացման հեռանկարները։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են համաշխարհային տեխնոլոգիական համայնքի հետ կապերն ամրապնդելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու և Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներում առավել տեսանելի դարձնելու համար։ Նա առանձնահատուկ կարևորել է նաև երիտասարդ սերնդի ոգեշնչումը՝ ցույց տալով, որ Հայաստանից ևս հնարավոր է ներգրավվել համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներում և իրականացնել միջազգային նշանակության գաղափարներ։

Իր հերթին Քեմ Ղաֆֆարիանը բարձր է գնահատել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարներն ու առկա ներուժը՝ հայտնելով իր պատրաստակամությունը նպաստելու Հայաստանում տիեզերական ոլորտի ծրագրերի իրականացմանն ու համապատասխան կարողությունների զարգացմանը։