Seaside Startup Summit 2026-ն ամփոփեց արդյունքները. հայտնի են մրցութային ծրագրերի հաղթողները
օգոստոսի 01, 2026
Օգոստոսի 1-ին տեղի է Seaside Startup Summit 2026-ի պաշտոնական փակման արարողությունը, որի ընթացքում ամփոփվել են մեկշաբաթյա գագաթնաժողովի արդյունքները և հայտարարվել մրցութային ծրագրերի հաղթողները։
Փակման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ գագաթնաժողովը շատերի համար երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Նա հատկապես ոգևորել է այն թիմերին, որոնք այս անգամ չեն հաղթել՝ հիշեցնելով, որ աշխարհահռչակ Canva-ն և Airbnb-ն նույնպես բազմիցս մերժվել են նախքան համաշխարհային հաջողության հասնելը։ Նախարարը կոչ է արել ուշադիր լսել շուկայի և հաճախորդների պահանջները, արագ հարմարվել փոփոխություններին, շարունակաբար կատարելագործվել և երբեք չհանձնվել, քանի որ ամենամեծ հաջողությունները դեռ առջևում են։
Այս տարի Seaside Startup Summit 2026-ը մեկ հարկի տակ էր համախմբել ավելի քան 15 000 այցելուի, 250-ից ավելի ստարտափ թիմերի, 500-ից ավելի խոսնակների և մենթորների, ինչպես նաև 150-ից ավելի գործընկեր կազմակերպությունների։ Սամմիթի շրջանակում անցկացվել են հիմնադիրների համար նախատեսված երկու հիմնական միկրոաքսելերացիոն (micro-acceleration) ծրագրեր, մի շարք թեմատիկ ուղղություններ՝ միտված ոլորտային նորարարությունների զարգացմանը, ինչպես նաև Firecode Marathon մրցույթը։ Մրցութային ծրագրերի արդյունքում հաղթող են ճանաչվել մի շարք նորարարական ստարտափներ։
Booster ծրագրում հաղթող է դարձել TravelNet-ը՝ ստանալով 10 000 ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը զբաղեցրել է Revent-ը՝ 7 000 ԱՄՆ դոլար, իսկ երրորդը՝ WiroiOnline-ը՝ 4 000 ԱՄՆ դոլար մրցանակով։
Starter ծրագրում առաջին մրցանակին արժանացել է Astra Mindcore-ը՝ ստանալով 8 000 ԱՄՆ դոլար, երկրորդ տեղը զբաղեցրել է Dr ASA-ն՝ 5 000 ԱՄՆ դոլար, իսկ երրորդ տեղը՝ XPT Technologies Inc-ը՝ 3 000 ԱՄՆ դոլար մրցանակով։
AgriTech ուղղությամբ առաջին տեղը զբաղեցրել է GoShuka-ն՝ արժանանալով 3 000 ԱՄՆ դոլարի, իսկ երկրորդ տեղը՝ Elevaid AI-ը՝ 2 000 ԱՄՆ դոլարի մրցանակի։
Innovation Challenge ուղղության լավագույն նախագիծ է ճանաչվել Green Hive-ը՝ 5 000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ տեղը զբաղեցրել է Aquamind Sevan-ը՝ 3 000 ԱՄՆ դոլար, իսկ երրորդը՝ Living Sevan-ը՝ 2 000 ԱՄՆ դոլար մրցանակով։
Firecode Marathon մրցույթի հաղթող է ճանաչվել Firebreak թիմը, որն արժանացել է 5 000 ԱՄՆ դոլարի մրցանակի։