ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալն ընդունել է Չեռնոգորիայի կրթության, գիտության եւ նորարարության նախարարի գլխավորած պատվիրակությանը
օգոստոսի 01, 2026
«Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում հուլիսի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումները, ստարտափ և նորարարական էկոհամակարգի զարգացման նախաձեռնությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Անջելա Յակշիչ Ստոյանովիչն անդրադարձել է Չեռնոգորիայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առաջնահերթություններին, ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և արձանագրված ձեռքբերումներին։ Նա խոսել է բարձր տեխնոլոգիական և ստարտափ էկոհամակարգերի զարգացման, թվային ենթակառուցվածքների կատարելագործման, ինչպես նաև կրթական համակարգում թվային տեխնոլոգիաների և թվային հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին։
Կողմերը քննարկել են «Seaside Startup Summit»-ի ձևաչափը հետագայում Չեռնոգորիայում կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ միջոցառումների իրականացման հեռանկարները՝ նպատակ ունենալով ընդլայնել երկկողմ համագործակցությունը, խթանել փորձի փոխանակումը և բարձրացնել երկու երկրների միջազգային ճանաչելիությունը տեխնոլոգիական ոլորտում։
Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը՝ անդրադառնալով մասնավորապես ստարտափ էկոհամակարգի զարգացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության, կրթական և նորարարական ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Քննարկվել են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններ։ Պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը, կազմակերպել փոխադարձ այցեր և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։