Նախարար Դավիթ Թադևոսյանը կարևորել է նորարարության մեջ ներդրումների և միջազգային համագործակցության նշանակությունը

նոյեմբեր 03, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է «Silicon Mountains Summit & Expo 2026» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին, որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ նորարարության մեջ» (Invest in Innovation) խորագրի ներքո։

Ողջույնի խոսքում նախարար Թադևոսյանը կարևորել է գագաթնաժողովի դերը՝ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին, նորարարներին, ներդրողներին և ոլորտի առաջատարներին մեկ հարթակում համախմբելու գործում։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները ոչ միայն խթանում են գաղափարների և փորձի փոխանակումը, այլև նպաստում են նոր համագործակցությունների ձևավորմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի շարունակական զարգացմանը։

«Եթե փորձում ես բարձունքից նայել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտին, ապա դժվար է չնկատել այն պատկառելի ճանապարհը, որը վերջին երեք տասնամյակում մենք անցել ենք։ Շատ դժվար է չնկատել նաև այն, որ այդ ճանապարհն անհնարին կլիներ առանց ոլորտին հավատացողների, մասնագետների և այս գործում ներգրավված ջատագովների»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով այս տարվա գագաթնաժողովի խորագրին՝ Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ նորարարության մեջ ներդրումներ կատարելը նախևառաջ նշանակում է ներդրում կատարել մարդու, նրա գիտելիքների և կարողությունների մեջ՝ գաղափարները կյանքի կոչելու և գործնական արդյունքի վերածելու համար։ Նախարարը վստահեցրել է, որ պետությունը հանձնառու է մշտապես լինել ստարտափների, ոլորտային կազմակերպությունների և նորարարների կողքին։

Նրա խոսքով՝ արագ փոփոխվող աշխարհում առավել հաջողակ են այն երկրները, որոնք կարողանում են ոչ միայն ստեղծել նորարարական տեխնոլոգիական լուծումներ, այլև արագ հարմարվել փոփոխություններին, ճկուն արձագանքել նոր մարտահրավերներին և արդյունավետ օգտագործել ի հայտ եկող հնարավորությունները։

Դավիթ Թադևոսյանը կարևորել է նաև նման նախաձեռնությունների դերը՝ նշելով, որ դրանք նպաստում են մտածողության սահմանափակումների հաղթահարմանը և հայկական տեխնոլոգիական ներուժի միջազգային ներկայացմանը։

«Այսպիսի նախաձեռնությունները կոտրում են երբեմն մտացածին, երբեմն իրական անջրպետներն ու խոչընդոտները, որոնք կան նորարարների ուղեղում՝ կապված Հայաստանի փոքր տարածքի և սահմանների հետ։ Եթե դու կարող ես մի բան ստեղծել այստեղ, ապա քո ամուր հիմքն ու կայուն բազան Հայաստանում է, սակայն ամբողջ աշխարհն է քո շուկան»,- ասել է Դավիթ Թադևոսյանը։

Ամփոփելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ հետևողական աշխատանքի համար, և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։

Գագաթնաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով և դասախոսությամբ է դիմել նաև Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանը։ Նա հինգ ընկերությունների՝ «IBX»-ի, «Axiom Space»-ի, «Intuitive Machines»-ի, «X-energy»-ի և «Quantum Space»-ի համահիմնադիրն է և նշանակալի ներդրում ունի տիեզերագիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման գործում։

«Silicon Mountains Summit & Expo 2026» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը մեկ հարթակում համախմբել է Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդներին՝ քննարկելու ոլորտի զարգացման միտումները, նորարարական լուծումներն ու ներդրումային հնարավորությունները։

Գագաթնաժողովն անցկացվում է ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համագործակցությամբ։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև Expo ցուցադրությունը, որտեղ նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով։ Նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցում է նաև 12 ստարտափ ընկերություն՝ ներկայացնելով իրենց գաղափարներն ու գործունեությունը։