Գևորգ Մանթաշյանը «Sevan AgriTech Summit»-ին ներկայացրել է «ԱԲ գործարանների պարտեզ»֊ի հայեցակարգը
հուլիսի 31, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը «Seaside Startup Summit Armenia 2026» փառատոնի շրջանակում անցկացվող «Sevan AgriTech Summit» միջոցառման ընթացքում հանդես է եկել զեկույցով:
Իր ելույթում նախարարի առաջին տեղակալը առաջին անգամ ներկայացրել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից մշակված «ԱԲ գործարանների պարտեզի» (Garden of AI Factories) նորարարական հայեցակարգը և անդրադարձել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքի զարգացման հեռանկարներին:
Ներկայացնելով հայեցակարգի ստեղծման պատմությունը՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ գաղափարի հիմքում ընկած է ինքնիշխան ենթակառուցվածքների առկայությունը ՀՀ-ում:
Ըստ հայեցակարգի՝ ԱԲ տվյալների կենտրոնները դիտարկվում են որպես ժամանակակից «գործարաններ», որտեղ արտադրվում է արհեստական բանականություն: Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է նման ենթակառուցվածքների ձևավորման կարևորությունը տեխնոլոգիական նորարարությունների խթանման և երկրի մրցունակության բարձրացման գործում:
Իր ելույթում նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ առաջադեմ հաշվողական հզորություններն այսօր դառնում են ռազմավարական ենթակառուցվածք՝ նույնքան հիմնարար, որքան էլեկտրաէներգիան, ճանապարհները կամ հեռահաղորդակցությունը: Հայեցակարգի առանցքում էներգիայի, տվյալների մշակման և տաղանդների զարգացման համադրումն է, որոնք ձևավորում են ԱԲ գործարանները, իսկ դրանց հիման վրա ստեղծվող նոր մոդելներն ու ծառայությունները խթանում են արտադրողականության աճ, գիտելիքահեն արտահանման ու նորարարության արագացում:
Նախարարի առաջին տեղակալը շեշտադրել է նաև տեղական տաղանդների և գիտական համայնքի զարգացման կարևորությունը՝ ներկայացնելով AIFellowship կրթաթոշակային ծրագրի նախագիծը, որը նախատեսվում է, որ ֆինանսական և ենթակառուցվածքային աջակցություն է տրամադրելու գիտական լաբորատորիաներին և հետազոտողներին: Միաժամանակ ընդգծվել է, որ ստեղծվող ենթակառուցվածքները ծառայելու են ոչ միայն տեղական, այլև միջազգային հետազոտական խմբերին:
Նախարարի առաջին տեղակալը խոսել է Հայաստանում արդեն մեկնարկած երկու խոշոր նախագծերից․ Eleveight AI֊ի՝ ԱԲ առաջին գործարանը՝ Գագարինում և Հրազդանում գտնվող Firebird AI֊ի ԱԲ տվյալային մեգակենտրոն գործարանը։ Դրանք փաստում են «ԱԲ գործարանների պարտեզ»֊ի հայեցակարգի իրագործման մասին և հուսալի հիմք են ազգային ԱԲ կլաստերի ձևավորման համար:
Գևորգ Մանթաշյանը նշել է, որ «ԱԲ գործարանների պարտեզ» նախագծի հաջողությունը գնահատվելու է 4 հիմնական մակարդակներում՝ տնտեսական, բնապահպանական, հաշվողական հզորության և էներգիայի պահպանության: Հատուկ ուշադրություն է դարձվելու էլեկտրաէներգիայի և ջրի օգտագործման արդյունավետության ցուցանիշներին (PUE և WUE)՝ ապահովելով շրջակա միջավայրի հետ հնարավորին չափ կատարյալ հավասարակշռություն:
Ելույթի ավարտին նախարարի առաջին տեղակալը շեշտել է, որ «ԱԲ գործարանների պարտեզը» բաց է միջազգային գործընկերության համար։