Դավիթ Թադևոսյանը Մյունխենում հանդիպել է SEMI միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Աջիթ Մանոչայի հետ

նոյեմբեր 12, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում գործող SEMI միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Աջիթ Մանոչայի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման հեռանկարները, ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները և միջազգային առաջատար ընկերությունների ու փորձագետների հետ համագործակցության հնարավորությունները։

Աջիթ Մանոչան ներկայացրել է կիսահաղորդչային համաշխարհային արդյունաբերության զարգացման միտումները՝ ընդգծելով ոլորտի ռազմավարական նշանակությունը համաշխարհային տնտեսության և տեխնոլոգիական առաջընթացի համար։ Նա կարևորել է Հայաստանի համար ոլորտի զարգացման հստակ ռազմավարության մշակումը՝ առաջարկելով այդ նպատակով կազմակերպել երկօրյա ռազմավարական քննարկում՝ ներգրավելով միջազգային ոլորտային փորձագետների, ընկերությունների ներկայացուցիչների և տեղական էկոհամակարգի մասնակիցների։

Քննարկվել են նաև կիսահաղորդչային ոլորտում Հայաստանի ներկայիս կարողությունների ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խելացի բժշկական տեխնոլոգիաներին, ֆոտոնիկային, կիսահաղորդչային բաղադրիչների փաթեթավորմանը և հարակից տեխնոլոգիական ուղղություններին։

Կարևորվել է նաև միջազգային առաջատար ընկերությունների հետ գործընկերային կապերի հաստատումը՝ Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծելու և ոլորտի զարգացումը զրոյից սկսելու փոխարեն առկա միջազգային փորձն ու կարողությունները տեղայնացնելու տեսանկյունից։ Այս համատեքստում քննարկվել են STMicroelectronics, Infineon և այլ ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայկական ստարտափների՝ կիսահաղորդչային արդյունաբերության միջազգային արժեշղթաներում ներգրավման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև SEMI-ի կողմից կազմակերպվող միջազգային միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հնարավորություններին։ Առանձնահատուկ կարևորվել է SEMI International Policy Summit հարթակի նշանակությունը, որը մեկտեղում է պետական կառավարման մարմինների, առաջատար ընկերությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի զարգացմանն առնչվող առանցքային հարցեր, այդ թվում՝ մասնագետների պակասը, արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, էներգետիկ մարտահրավերներն ու բնապահպանական սահմանափակումները։

Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և տվյալների կենտրոնների երկարաժամկետ էներգամատակարարման հարցերին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ընդլայնման համար։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Հայաստանի կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարության շուրջ քննարկումների կազմակերպման, միջազգային փորձագետների և ոլորտի առաջատար ընկերությունների հետ կապերի հաստատման, ինչպես նաև հայկական ստարտափների համար համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։ Աջիթ Մանոչան պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին՝ մասնագիտական խորհրդատվության և միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման միջոցով։