Նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են ոլորտի զարգացման ռազմավարությունն ու ԱԲ կրթաթոշակային ծրագրի նախագիծը

հունիսի 27, 2026

Հունիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, հասարակական խորհրդի նախագահ Մխիթար Հայրապետյանը բացման խոսքում ողջունել է խորհրդի անդամներին և ներկայացրել օրակարգի երկու առանցքային հարցերը՝ «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը» և «ԱԲ կրթաթոշակների աջակցման ծրագիրը»։

Նախարար Հայրապետյանը նշել է, որ 2024 թվականին մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն պատրաստ է ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը, որն իր ծավալով և խորությամբ աննախադեպ է Հայաստանի համար։ Այն հստակ սահմանում է պետության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում և հիմնված է վեց առանցքային հիմնասյուների վրա՝ ներառելով ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մարդկային կապիտալի ամրապնդման ուղղությունները։

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ նախարարը նշել է, որ ներկայացվող առաջարկն այս պահին դեռ սաղմնային փուլում է, և միայն հասարակական խորհրդի ու մասնագիտական շրջանակների դիտարկումներն ամփոփելուց հետո այն կներկայացվի Կառավարության հաստատմանը։

Օրակարգային հարցերի վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններին, Հայաստանի տեխնոլոգիական մրցունակության բարձրացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում կրթության և մասնագիտական ներուժի խթանմանը։

Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ ծրագրերի կատարելագործման և արդյունավետ իրականացման վերաբերյալ։

Նիստի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի արդյունքում ամփոփվել են ներկայացված առաջարկությունները և նախանշվել հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։