Հասարակական խորհրդի կազմը համալրվում է

հուլիսի 17, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտեր է ընդունում՝ Նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով։

Հասարակական խորհրդի նպատակն է ապահովել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, խրախուսել մասնակցային կառավարումը և քաղաքականության մշակման գործընթացներին շահառու խմբերի ներգրավվածությունը։
Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել․

  • ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնք գործունեություն են ծավալում ՀՀ ԲՏԱ նախարարության ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն).
  • ֆիզիկական անձինք, ովքեր գործունեություն են ծավալում օրենքով նախարարությանը վերապահված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։

Խորհրդի անդամների թվաքանակի 25%-ն ընդգրկվում են համայնքներում (բացառությամբ Երևան քաղաքի) գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել՝

  • ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունները (հասարակական միավորումներ, հիմնադրամներ կամ օրենքով նախատեսված այլ ձևերով կազմակերպություններ՝ բացառությամբ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ-ի որևէ համայնքի տարածքում է և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն օրենքով նախարարությանը վերապահված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ (այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող, աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն).
  • ֆիզիկական անձինք, ովքեր հաշվառված են ՀՀ-ի որևէ համայնքում և տվյալ համայնքում կամ մարզում գործունեություն են ծավալում օրենքով նախարարությանը վերապահված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության, մարզպետի աշխատակազմի կամ համայնքի կողմից ձևավորված, վերը նշված ոլորտներին վերաբերող աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։

Խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որում պետք է նշվեն`

  • կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, 
  • ֆիզիկական անձի անունը, ազգանունը, 
  • համայնքը կամ մարզը, որտեղ ծավալում են գործունեություն, 
  • ՀՀ ԲՏԱ նախարարության հիմնական ոլորտը, որում ունեն նախատեսված փորձ կամ մասնագիտական փորձառություն և հայտատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ։

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը, հաշվառման հասցեն.
  • կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը).
  • կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին.
  • կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող առկա փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն):

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ս․թ․ հուլիս 17-ից օգոստոսի 6-ը ներառյալ՝ դրանք ուղարկելով publiccouncil@hti.am  էլեկտրոնային փոստին։ Պատասխանատու պաշտոնատար անձ՝ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի օգնական Մարիամ Մինասյան, հեռ․՝ (010)590004։

Հասարակական խորհրդի աշխատակարգին և ձևավորման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/212663։