Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

նոյեմբեր 21, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարական հանդիպում՝ պանելային քննարկման ձևաչափով։

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են ռոբոտաշինության զարգացման հեռանկարներին, տվյալների անվտանգությանը, կրթության և աշխատաշուկայի փոխակերպումներին, քննարկել բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և թվայնացման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային տեխնոլոգիական օրակարգին առնչվող հարցեր։

Անդրադառնալով Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման նախադրյալներին՝ Դավիթ Թադևոսյանը կարևորել է էներգետիկ և հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը՝ ընդգծելով, որ տեղական հաշվողական հզորությունները հնարավորություն են տալիս էներգետիկ ռեսուրսները վերածել տեխնոլոգիական և տնտեսական արժեքի։

Դավիթ Թադևոսյանը խոսել է նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մասին՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, միջազգային մասնագետների ներգրավումը և մասնագիտական կարողությունների զարգացումը։

Անդրադառնալով տեխնոլոգիական զարգացման ազդեցությանը աշխատաշուկայի վրա՝ նախարարը նշել է, որ այն պայմանավորում է աշխատանքային գործառույթների և մասնագիտությունների վերափոխումը՝ միաժամանակ ձևավորելով նոր պահանջարկ։ Մասնավորապես, աճելու է ավտոմատացված համակարգերի կառավարման և սպասարկման, ռոբոտների սենսորների ու շարժիչների սպասարկման, ծրագրային ապահովման և կիբեռանվտանգության մասնագետների պահանջարկը։ Այս պայմաններում կարևորվել են կրթական համակարգի ճկունությունը, մասնագիտական վերապատրաստումը և շարունակական ուսուցման մշակույթի զարգացումը։

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին ներկայացրել է թվային տնտեսության զարգացման, կրթության ոլորտում թվային գործիքների կիրառման և տեխնոլոգիական կարողությունների ընդլայնման ուղղությամբ Իրանի իրականացրած նախաձեռնությունները՝ ընդգծելով տեխնոլոգիական զարգացումներին համահունչ մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման հնարավորություններին։

Կարևորվել են երկու երկրների ստարտափ էկոհամակարգերի միջև կապերի ընդլայնումը, կրթական և մասնագիտական համագործակցությունը, գիտելիքի ու փորձի փոխանակումը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային թվային կապակցվածության և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է եղել տվյալների ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Բանախոսներն ընդգծել են անձնական տվյալների պաշտպանության, արդյունավետ մեխանիզմների կիրառման, թվային հարթակների նկատմամբ վստահության ամրապնդման, ինչպես նաև այս ոլորտում տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների անհրաժեշտությունը։