Մեկնարկել է «Փլագ ընդ Փլեյ»-ի չորրորդ ծրագիրը Հայաստանում
նոյեմբեր 05, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը «Փլագ ընդ Փլեյ» (Plug and Play) ընկերության հետ համատեղ մեկնարկել է չորրորդ ծրագիրը Հայաստանում` նախաաքսելերացիոն ձևաչափով։
Ներկայացված 157 հայտերից եռամսյա ծրագրին մասնակցության համար ընտրվել է 16 ստարտափ. Berel, Bio Access Platforms, BlurredBox, Bucephalus BI, Elevaid, HemAI Dynamics, imoonAI, Inventr, Noctua Tech, pensday, PromptRush, ReEducate, RunEvr, Sintropyc, Storks, և VStudios։
Չորրորդ ծրագիրը կշարունակի ստարտափների զարգացման գործնական մոտեցումը․ յուրաքանչյուր շաբաթ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն երեք փորձառու մենթորներ՝ տեղական հիմնադիրներին փոխանցելու իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Ստարտափները կմասնակցեն գործնական աշխատարանների, կստանան անհատական մենթորություն և խորհրդատվություն, կմասնակցեն տեղական և միջազգային միջոցառումների և ցուցահանդեսների և կօգտվեն «Փլագ ընդ Փլեյ»-ի 100․000-ից ավելի ստարտափ, ներդրող և կորպորատիվ գործընկեր ընդգրկող ցանցից։
Ծրագրային գործունեությանը զուգահեռ «Փլագ ընդ Փլեյ»-ը կկատարի տարեկան 50․000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում խոստումնալից ստարտափներից մեկում՝ այդպիսով ընդգծելով Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացմանն աջակցելու իր երկարաժամկետ հանձնառությունը։
Ծրագիրը կամփոփվի 2027 թվականի փետրվարին կայանալիք «EXPO Day» միջոցառմամբ, որի ընթացքում մասնակից ստարտափները կներկայացնեն ծրագրի ընթացքում գրանցած իրենց առաջընթացը կներկայացնեն ներդրողներին, կորպորացիաների ներկայացուցիչներին, ոլորտի առաջատար մասնագետներին և նորարարական էկոհամակարգի հանրությանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և «Փլագ ընդ Փլեյ»-ի միջև հաստատված արդյունավետ համագործակցության շրջանակներում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել է երեք ծրագիր․ աքսելերացիոն ծրագիր` 20 ստարտափի, նախաաքսելերացիոն ծրագիր՝ 18 ստարտափի և ինկուբացիոն ծրագիր` 19 վաղ փուլում գտնվող թիմերի մասնակցությամբ։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում անցկացվել է ավելի քան 1,200 անհատական մենթորական և բիզնես խորհրդատվական հանդիպում, կազմակերպվել է 130 գործարար ծանոթություն կորպորատիվ գործընկերների, 95՝ վենչուրային ֆոնդերի հետ։
«Փլագ ընդ Փլեյ»-ի ծրագրերին մասնակցությունից ի վեր ստարտափներն ու շրջանավարտներն ընդհանուր առմամբ ներգրավել են 2.38 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, իսկ նրանց համախառն եկամտի և կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցել է 2.5 մլն ԱՄՆ դոլարը` արտացոլելով ստարտափների առաջընթացը և շուկայում գրանցած ձեռքբերումները։
«Փլագ ընդ Փլեյ»-ն առաջատար համաշխարհային նորարարական հարթակ է, որը միավորում է ստարտափների, կորպորացիաների, վենչուրային ֆոնդերի, համալսարանների և պետական կառույցների։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում, կազմակերպությունը գործունեություն է ծավալվում հինգ մայրցամաքների ավելի քան 60 քաղաքներում։
«Փլագ ընդ Փլեյ»-ն իրականացնում է կորպորատիվ նորարարական ծրագրեր և աջակցում գործընկերներին նորարարության ողջ ճանապարհին՝ կրթությունից մինչև գործնական կիրառում։ Իր վենչուրային գործունեության շրջանակում «Փլագ ընդ Փլեյ»-ը ներդրումներ է կատարել հարյուրավոր ընկերություններում, այդ թվում՝ Dropbox, Guardant Health, Honey, LendingClub, N26, PayPal և Rappi։