Ֆիզիկական ԱԲ-ն՝ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առանցքում

սեպտեմբեր 28, 2026

Հոկտեմբերի 2–4-ը Երևանում՝ Ինժեներական քաղաքում, և Վանաձորում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, կանցկացվի «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» (Armenia Engineering Week 2026) ամենամյա միջոցառումների շարքը։

Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և Ինժեներական ասոցիացիայի համագործակցությամբ։

Այս տարվա միջոցառման խորագիրն է «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում» (Physical AI: Engineering Intelligence for the Real World)։ Այն նվիրված է արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցմանը և այդ ուղղությամբ նորարարական տեխնոլոգիական լուծումներին։

Միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի ճարտարագետների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, հետազոտողների և ուսանողների՝ քննարկելու ֆիզիկական ԱԲ-ի, ռոբոտատեխնիկայի, կիսահաղորդիչների, ավտոմոբիլային և օդատիեզերական ճարտարագիտության, խելացի արտադրության, կենսաբժշկության և կրթական տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կարևոր հարթակ է Հայաստանի ինժեներական ներուժը միջազգային համայնքին ներկայացնելու, գիտության, կրթության, բիզնեսի և արդյունաբերության միջև կապերն ամրապնդելու, ինչպես նաև ֆիզիկական ԱԲ-ի ոլորտում նոր համագործակցություններ ձևավորելու և տեխնոլոգիական լուծումների զարգացման համար։

Ծրագիր․

  • Հոկտեմբերի 2 (Ինժեներական քաղաք)․ Պաշտոնական բացում, միջազգային փորձագետների ելույթներ, Engineering Expo-ի մեկնարկ և մարդանման ռոբոտի ցուցադրություն:

  • Հոկտեմբերի 3 (Ինժեներական քաղաք)․ Ճարտարագիտական ցուցահանդես, կրթական-երիտասարդական գոտի, ոլորտային քննարկումներ։

  • Հոկտեմբերի 4 (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն)․ Մարզային միջոցառումներ և եզրափակիչ քննարկումներ: