Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս» ընկերության ներկայացուցիչներին

նոյեմբեր 09, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Լուկա Ռոսսիի և PMI Science գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գուրգեն Մարդոյանի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Թադևոսյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ առաջիկա հինգ տարիների համար նախատեսված պետական քաղաքականությունը միտված է ոչ միայն ծրագրային ապահովման և արհեստական բանականության ուղղությունների զարգացմանը, այլև նոր ոլորտներում, այդ թվում՝ կենսատեխնոլոգիաների, կիսահաղորդչային արդյունաբերության և միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով կարողությունների ձևավորմանն ու ընդլայնմանը։

Նախարարը կարևորել է նաև հետազոտական և հաշվարկային ենթակառուցվածքների զարգացումը՝ նշելով, որ պետությունը նախատեսում է շուրջ 25 միլիոն դոլար ուղղել հաշվարկային ռեսուրսների և GPU սարքավորումների ձեռքբերմանը։ Նշվել է, որ դրանց մի մասը հասանելի կլինի գիտահետազոտական խմբերին, ընկերություններին՝ նպաստելով հետազոտությունների ընդլայնմանն ու նոր մշակումների իրականացմանը։

Լուկա Ռոսսին իր հերթին ներկայացրել է «Ֆիլիպ Մորրիս»-ի՝ Հայաստանում իրականացվող գիտահետազոտական գործունեությանը, որն ընդգրկում է արհեստական բանականության, տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման, մաթեմատիկայի, վիճակագրության, փորձարարական ինժեներիայի ուղղությունները։ Նա անդրադարձել է նաև ընկերության՝ Ինժեներական քաղաքում գործունեության ընդլայնմանը՝ ընդգծելով Հայաստանի ինժեներական և գիտական ներուժի, տեղական մասնագիտական համայնքի հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական և հետազոտական ներուժի զարգացման, կիսահաղորդչային արդյունաբերության և միկրոէլեկտրոնիկայի կարողությունների ընդլայնման, ռադիոհաճախականությունների և բարձր հզորության էլեկտրոնիկայի ոլորտներում հետազոտությունների զարգացման, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների ուղղությամբ առկա հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Երևանից դուրս տեխնոլոգիական կլաստերների և արդյունաբերական գոտիների, այդ թվում՝ «Ակադեմիական քաղաքի»՝ որպես գիտության, կրթության, հետազոտությունների առևտրայնացման և արդյունաբերական զարգացման միջավայրի ձևավորման հեռանկարներին։

Կողմերը կարևորել են պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը, միջազգային ընկերությունների գիտահետազոտական գործունեության և Հայաստանի գիտական ու ինժեներական համայնքի միջև կապերի ամրապնդումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ համագործակցության հնարավորությունները զարգացնելու նպատակով։