Դավիթ Թադևոսյանը ԱԺ-ում ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը

նոյեմբեր 06, 2026

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների  նոյեմբերի 6-ի համատեղ նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Նախարարը նշել է, որ  Նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար 2027թ. հատկացվող 24.1 մլրդ դրամի սահմաններում նախատեսվում է իրականացնել 4 բյուջետային ծրագիր՝ 16 միջոցառումներով. այդ գումարը չի ներառում ռազմարդյունաբերության և տիեզերական ոլորտների բյուջեները։

Ներկայացնելով ծրագրերն ու միջոցառումները՝ նախարար Թադևոսյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրով 2027թ. նախատեսվում է հատկացնել 14.043 մլրդ դրամ: Ծրագրի նպատակը տեխնոլոգիական ոլորտի էկոհամակարգի բարելավումն ու զարգացումն է։

Մասնավորապես՝ «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել չորս ուղղությամբ աշխատանքներ՝ աջակցել տեխնոլոգիական կազմակերպությունների գիտական և արտադրական կարողությունների զարգացմանը, մարզերում կազմակերպել տեղեկատվական անվտանգության և արհեստական բանականության գործիքների վերաբերյալ դասընթացներ, անցկացնել երկու հաքաթոն։ Կֆինանսավորվի նաև «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի գործունեությունը, որի շրջանակում կվերապատրաստվի 550 մասնագետ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կկազմի 213,0 մլն.  դրամ։

Շուկաների զարգացման և միջազգային համագործակցության միջոցառման համար 2027թ. նախատեսվում  է 344.9 մլն դրամ։ Այն ուղղվելու է հայկական տեխնոլոգիական ընկերությունների՝ միջազգային և տեղական հեղինակավոր ցուցահանդեսներին ու գործարար համաժողովներին մասնակցության աջակցությանը, Հայաստանում տեխնոլոգիական միջոցառումների կազմակերպմանը։ Նախատեսվում է ապահովել ընկերությունների մասնակցությունը տարեկան առնվազն չորս ցուցահանդեսի և երեք համաժողովի, ինչպես նաև աջակցել առնվազն երեք տեխնոլոգիական միջոցառման կազմակերպմանը։ Ակնկալվող արդյունքները պետք է արտացոլվեն հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, ընկերությունների միջազգային մրցունակության բարձրացման և միջազգային համագործակցության խորացման մեջ։

Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար նախատեսվում է 968 մլն դրամ։ Գումարը կուղղվի միջազգային «Plug and Play» աքսելերացիոն ծրագրին (540 մլն դրամ), «Սևան Ստարտափ Սամմիթ 2027»-ի կազմակերպմանը (200 մլն դրամ), Կապանում «Դեպի աշխատաշուկա» նորարարական կենտրոնի ստեղծմանը (150 մլն դրամ), «Գաղափարից մինչև բիզնես» բաղադրիչի իրականացմանը (75 մլն դրամ)։  3.0 մլն. դրամ նախատեսվում է տրամադրել ծրագրի հանրայնացման նպատակով։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ծրագրի շրջանակում 2027թ. նախատեսվում է հատկացնել 10.5 մլրդ դրամ։ Այն ուղղվելու է ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնագիտական աշխատողների ներգրավման, աշխատաշուկա նոր մուտք գործած աշխատողների և կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծախսերի մասով պետական աջակցություն տրամադրելու նպատակով։

Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման համար նախատեսվում է 100 մլն դրամի համաֆինանսավորում հատկացնել «Նորարարության հայկական» հիմնադրամին։

2027 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը։

Առանձին միջոցառում է նախատեսված նաև արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման համար։ Այդ նպատակով 2027 թվականին կհատկացվի 1.9 մլրդ դրամ։ Նախատեսվում է ձեռք բերել գրաֆիկական պրոցեսորներ և դրանց հասանելիությունն ապահովել պետական մարմինների, գիտակրթական հաստատությունների, տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և ուսանողների համար։ Կզարգանա նաև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը՝ ընդլայնելով արհեստական բանականության գործիքների և նորարարական լուծումների մշակման հնարավորությունները։ Այս աշխատանքների արդյունքում կձևավորվի միջավայր, որտեղ պետությունը, գիտակրթական համայնքը և մասնավոր հատվածը հնարավորություն կունենան համատեղ մշակելու և կիրառելու արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ:

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագրի համար նախատեսվում է 1.3 մլրդ դրամ։

Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի շրջանակում 2027թ. ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 1.97 մլրդ դրամ։ Գումարը կուղղվի հեռահաղորդակցության և կապի ծառայությունների կարգավորմանը, թվային հեռուստահեռարձակման ապահովմանը, պետական մարմինների միջև տվյալների փոխանակման կապի պահպանմանը և տեսալսողական մեդիա ոլորտի զարգացմանը։

Մասնավորապես՝ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի» գործունեության ապահովման և ռադիոհաճախականությունների կառավարման համար նախատեսվում է 492.8 մլն դրամ։ Շարունակվելու է նաև արբանյակային կապի միջոցով թվային հեռուստահեռարձակման ապահովումը՝ նպատակ ունենալով պահպանել հանրապետության բնակավայրերի 100 տոկոս հեռարձակման ծածկույթը։

Պետական մարմինների միջև տվյալների փոխանակման կապի ապահովման համար կհատկացվի 140.9 մլն դրամ, իսկ հանրօգուտ մեդիաբովանդակության ստեղծման և մեդիա միջավայրի զարգացման նպատակով «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին՝ 250 մլն դրամ։ Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոնի գործունեության ապահովման համար նախատեսվում է 1.014 մլրդ դրամ։

Թվային փոխակերպման գործընթացի իրականացման ծրագրի շրջանակում նախատեսվում է հատկացնել 6.7 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամը կուղղվի պետական մարմինների թվային փոխակերպմանը և միասնական թվային միջավայրի ձևավորմանը։

Թվայնացման հետ կապված ծախսերի խմբավորումը մեկ ծրագրի ներքո հնարավորություն կտա ապահովել միասնական մոտեցում, կենտրոնացնել ֆինանսական միջոցները, բացառել կրկնվող համակարգերի ստեղծումը և բարձրացնել իրականացվող ներդրումների արդյունավետությունը։

Դավիթ Թադևոսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին՝ կապված 2027 թվականի պետական բյուջեի նախագծի և նախարարության գործունեության հետ։