Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հանդիպել է ՄԻՊ աշնանային դպրոցի ուսանողների հետ
նոյեմբեր 18, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշնանային դպրոցի ուսանողներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունը իրավական ոլորտի և մարդու իրավունքների պաշտպանության վրա, ԱԲ-ի կիրառման հնարավորություններն ու դրա հետ կապված ռիսկերը։
Ողջունելով երիտասարդներին՝ Տաթև Ասլանյանը կարևորել է թեմայի շուրջ բաց քննարկումն ու երկխոսությունը։ Ուսանողները բարձրացրել են ԱԲ ոլորտի պետական քաղաքականությանը, մարդու իրավունքներին հակասող հնարավոր վտանգներին, անձնական տվյալների պաշտպանությանը, դիփֆեյքերի տարածմանը, ինչպես նաև ԱԲ-ի կիրառման կարգավորման և ազատության հավասարակշռությանը վերաբերող հարցեր։
Անդրադառնալով բարձրացված մտահոգություններին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԲ-ն կարող է արագացնել ինչպես դրական, այնպես էլ բացասական գործընթացները, ուստի կարևոր է ժամանակին բացահայտել հնարավոր ռիսկերն ու ձևավորել դրանց կառավարման արդյունավետ մեխանիզմներ։ Նրա խոսքով՝ ԱԲ-ի և թվայնացման ազդեցությունը մարդու իրավունքների վրա գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ՝ հատկապես տվյալների պահպանման, հասանելիության և օգտագործման իրավասությունների սահմանման տեսանկյունից։ Խոսքը միայն տեղեկատվության պաշտպանության մասին չէ․ կարևոր է նաև հստակեցնել, թե ովքեր և ինչ պայմաններում կարող են հասանելիություն ունենալ տարբեր շտեմարաններում պահվող տվյալներին, այդ թվում՝ քաղաքացիների բողոքների և դրանց քննության գործընթացում։
Անդրադարձ է կատարվել նաև դիփֆեյքերի միջոցով ապատեղեկատվության տարածմանը, հանրային կարծիքի վրա ազդեցությանը և տեղեկատվական մանիպուլյացիաներին։ Տաթև Ասլանյանը նշել է, որ Հայաստանում արդեն գործում է ԱԲ գործիքներով ստեղծված բովանդակության պիտակավորման օրենսդրական պահանջ, սակայն անհրաժեշտ է մշակել նաև դրա կիրառումն ապահովող մեխանիզմներ։ Մասնավորապես, կարևորվել է դիփֆեյքերը հայտնաբերող, դրանց հավանականությունը գնահատող և բովանդակության իսկությունը ստուգող հավաստագրված տեխնոլոգիական լուծումների ներդրումը, ինչպես նաև սոցիալական մեդիա հարթակներում նման բովանդակության տարածման նկատմամբ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ձևավորումը։
Հանդիպման առանցքային թեմաներից է եղել տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովումը և ինքնիշխան արհեստական բանականության (Sovereign AI) զարգացումը։ Տաթև Ասլանյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է զարգացնել սեփական ԱԲ մոդելներ, ինչպես նաև տեղայնացնել առկա լուծումները՝ ապահովելով տվյալների անվտանգությունն ու դրանց նկատմամբ վերահսկողությունը։ Նա ընդգծել է, որ ԱԲ ոլորտի քաղաքականություններն ու կարգավորումները մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի առանձնահատկություններն ու տեղական միջավայրը։
Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ զարգացման համար անհրաժեշտ հաշվարկային ենթակառուցվածքներին և տվյալների կենտրոններին։ Ներկայացնելով Հայաստանի առկա կարողությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ երկիրն ունի բնակչության թվի համեմատ ԱԲ հաշվարկային հզորությունների (GPU) նշանակալի ներուժ։ Նա խոսել է նաև տվյալների պահպանման և մշակման ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ կարևորելով Հայաստանում տվյալների անվտանգ պահպանման և մշակման հնարավորությունների ընդլայնումը։
Անձնական տվյալների պաշտպանության համատեքստում Տաթև Ասլանյանն ընդգծել է տվյալների հասանելիության հստակ սահմանման, համակարգերի անվտանգության և չարտոնված օգտագործումը բացառող մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Նա անդրադարձել է նաև տվյալների պաշտպանության ոլորտում արդեն գործող օրենսդրական կարգավորումներին և այն հարցերին, որոնք դեռևս լրացուցիչ իրավական լուծումների կարիք ունեն։ Նա կարևորել է նաև միջազգային ԱԲ մոդելների տեղայնացումը՝ դրանք հայկական միջավայրին համապատասխանեցնելու և հնարավոր կողմնակալությունները նվազեցնելու նպատակով։ Նախարարի տեղակալն անդրադարձել է պետական արխիվների թվայնացման կարևորությանը, ինչը կարող է հիմք ստեղծել հայերեն տվյալների շտեմարանների և ազգային ԱԲ մոդելների զարգացման համար։
Տաթև Ասլանյանը ուսանողներին ներկայացրել է նաև պետական կառավարման համակարգում ԱԲ գործիքների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նախարարություններում և պետական կառույցներում ԱԲ կիրառման հնարավորությունները գնահատելու նպատակով արդեն իրականացվել են շուրջ 24 կառույցների կարիքների գնահատման այցեր, որոնց արդյունքներով մշակվում են համապատասխան հաշվետվություններ։ Նախարարի տեղակալը նշել է, որ ԱԲ գործիքների անվտանգ օգտագործումը խրախուսում է, սակայն կարևոր է դրանց կիրառման հստակ ուղեցույցների առկայությունը։ Այդ նպատակով նախաձեռնվել է ԱԲ հայեցակարգի մշակումը, որի շրջանակում նախատեսվում է պետական ծառայողներին ուղղորդել ինչպես ԱԲ գործիքների անվտանգ կիրառման, այնպես էլ սեփական ԱԲ լուծումների ստեղծման հարցերում։
Անդրադառնալով պետական համակարգում ԱԲ գործիքների ներդրման խոչընդոտներին՝ նա նշել է մասնագիտական ներուժի և հաշվարկային ռեսուրսների՝ մասնավորապես GPU-ների հասանելիության խնդիրը։ Ընդգծվել է, որ ԱԲ գործիքների ստեղծումը պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է իրավաբանների և ԱԲ մասնագետների համատեղ աշխատանք, շարունակական վերահսկողություն և անվտանգության չափանիշների պահպանում։
Քննարկվել են նաև ԱԲ ոլորտի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման և ռիսկերի կառավարման մեխանիզմների մշակման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ գործիքների՝ հասարակության և հատկապես երեխաների վրա հնարավոր ազդեցությանը՝ կարևորելով դրանց կիրառման հետևանքների շարունակական վերահսկողությունը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։ Հանդիպման ընթացքում Տաթև Ասլանյանը ներկայացրել է նաև Տեխնոլոգիաների փոխակերպման ինստիտուտի հայեցակարգը՝ ընդգծելով Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տնտեսական ուղղության վերափոխման կարևորությունը։
Նախարարի տեղակալը կարևորել է մարդկային կապիտալի զարգացումը, բարձրակարգ մասնագետների պատրաստումը և գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ԱԲ-ի երկարաժամկետ զարգացումը պահանջում է ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներ, այլև խորքային գիտական ներուժ՝ կենսատեխնոլոգիայի, քիմիայի, կենսաբանության, քվանտային ֆիզիկայի և այլ առաջադեմ ուղղություններում։
Հանդիպման ավարտին Տաթև Ասլանյանն ընդգծել է, որ արհեստական բանականության զարգացումը պետք է ուղեկցվի պատասխանատու կիրառմամբ, մարդու իրավունքների պաշտպանությամբ և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդմամբ։ Նա կարևորել է երիտասարդների իրազեկվածությունն ու ակտիվ ներգրավվածությունը ոլորտի վերաբերյալ հանրային քննարկումներում՝ նշելով, որ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է համատեղել նորարարությունը, անվտանգությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը։