Գևորգ Մանթաշյանը «NVB Frontier Forum»-ում անդրադարձել է բարձր տեխնոլոգիաներում ներդրումների կարևորությանը
հոկտեմբեր 06, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը ելույթ է ունեցել New Venture Brokerage (NVB) ընկերության կազմակերպած «NVB Frontier Forum» համաժողովի բացմանը:
Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին և կարևորել New Venture Brokerage պորտֆելում բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա ներդրումները:
Գևորգ Մանթաշյանն ընդգծել է մարդկության կյանքը փոխակերպող տեխնոլոգիաներում ներդրումների կարևորությունը՝ նշելով, որ նախարարության առաջնահերթություններից է նպաստավոր միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է լիարժեք օգտվել Հայաստանում ոլորտային կարգավորումների ներքո ձևավորվող տեխնոլոգիական էկոհամակարգի հնարավորություններից։
Գևորգ Մանթաշյանը վստահեցրել է, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է տաղանդների բացահայտմանն ու ներգրավմանը, ներդրողների համար անհրաժեշտ աջակցության ապահովմանը, ինչպես նաև կայուն և կանխատեսելի գործարար միջավայրի ձևավորմանը։
«NVB Frontier Forum»-ը համախմբել էր տիեզերական տնտեսության, արհեստական բանականության ենթակառուցվածքների և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում գործունեություն ծավալող միջազգային փորձագետների և ներդրողների։