Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2027» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

նոյեմբեր 24, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը հայտարարում է 2027 թվականի մարտի 1-4-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2027» (Mobile World Congress Barcelona 2027) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին Հայաստանի միասնական տաղավարի ներքո մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։

MWC Barcelona-ն աշխարհում հեռահաղորդակցության և տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային միջոցառումներից է, որը կազմակերպում է Բջջային կապի համաշխարհային համակարգի ասոցիացիան (GSMA)։ Այն մեկ հարթակում համախմբում է բջջային կապի օպերատորների, տեխնոլոգիական ընկերությունների, նորարարական լուծումներ մշակող կազմակերպությունների, ստարտափների, ներդրողների և պետական կառույցների ներկայացուցիչների։ Ցուցահանդեսի 2027 թվականի օրակարգի առանցքային ուղղություններն են կապի ցանցերի զարգացումը, արհեստական բանականության կիրառումը, ինքնավար ձեռնարկությունների ձևավորումը, թվային վստահությունն ու նոր սերնդի տեխնոլոգիաները։

Նախարարության նպատակն է Ցուցահանդեսին Հայաստանի միասնական տաղավարով ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը, խթանել տեղական ընկերությունների արտադրանքի և լուծումների միջազգային առաջխաղացումը, նպաստել արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը և միջազգային գործարար կապերի հաստատմանը։

Ցուցահանդեսին մասնակցությունը նախատեսվում է երկու ձևաչափով՝ որպես ցուցադրող և այցելու։ Հայտադիմումը բաց է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրված և կամ գործունեություն ծավալող անհատների համար։ Հայտադիմում լրացնելիս հարկավոր է ընտրել մասնակցության նախընտրելի ձևաչափը։

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ հետևյալ հղումով:

Նախարարության կողմից կապահովվեն ցուցահանդեսային տարածքի վարձակալության և տաղավարի կառուցապատման ծախսերը, ինչպես նաև մրցութային ընտրությունն անցած կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Ցուցահանդեսի մուտքի տոմսերի արժեքը։ Մասնակից կազմակերպություններն ինքնուրույն կհոգան գործուղման հետ կապված մյուս ծախսերը, այդ թվում՝ ավիատոմսերի, Իսպանիայի մուտքի արտոնագրի և կեցության ծախսերը։

Ցուցահանդեսի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ միջոցառման պաշտոնական կայքից։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով։