ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Կիպրոսի Հանրապետության հետազոտությունների, նորարարության և թվային քաղաքականության փոխնախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
հուլիսի 27, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 27-ին «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում, «Սևան Ֆեստիվալ Սիթի»-ում ընդունել է Կիպրոսի Հանրապետության հետազոտությունների, նորարարության և թվային քաղաքականության փոխնախարար Նիկոդեմոս Դամիանուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսը, ինչպես նաև «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստարտափ էկոհամակարգերի զարգացման, թվային փոխակերպման, արհեստական բանականության, ինչպես նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է երկու երկրների պետական մարմինների, համալսարանների, գիտահետազոտական կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների և նորարարական կենտրոնների միջև համագործակցության զարգացումը։
Քննարկվել են Seaside Startup Summit-ի աշխարհագրության ընդլայնմանը և այն Կիպրոսում կազմակերպելու հնարավորությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև ԹՈՒՄՈ-ի և Կիպրոսի կրթական ու տեխնոլոգիական կառույցների, ինչպես նաև Երևանի Ինժեներական քաղաքի և Կիպրոսի հետազոտական կենտրոնների միջև համագործակցության հեռանկարներին։
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԱԲ վիրտուալ ինստիտուտի նախաձեռնության շրջանակում հնարավոր համագործակցության, Հայաստանի և Կիպրոսի համալսարանների միջև արհեստական բանականության, անօդաչու համակարգերի, արդյունաբերական իրերի ինտերնետի, մեքենայական ուսուցման, կիբեռանվտանգության և 5G կապի համակարգերի ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացման շուրջ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Կիպրոսի Հանրապետության հետազոտությունների, նորարարության և թվային քաղաքականության փոխնախարարության միջև ստորագրվել է «Նորարարության ոլորտում ստարտափ էկոհամակարգերի և առաջադեմ տեխնոլոգիաների, այդ թվում` արհեստական բանականության շեշտադրմամբ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Կիպրոսի Հանրապետության հետազոտությունների, նորարարության և թվային քաղաքականության փոխնախարար Նիկոդեմոս Դամիանուն։ Հուշագրի նպատակն է աջակցել երկու երկրների միջև նորարարության վրա հիմնված ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմանն ու ներդրմանը, խթանել պետական և մասնավոր հատվածների, ներդրողների ու նորարարական էկոհամակարգի այլ դերակատարների միջև գործընկերությունը։