Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ամերիկյան MITRE հետազոտական կազմակերպություն

նոյեմբեր 16, 2026

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է MITRE կազմակերպություն՝ քննարկելու Հայաստանի և ամերիկյան առաջատար հետազոտական ու տեխնոլոգիական կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների ու մշակումների էկոհամակարգի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև այդ գործընթացում միջազգային փորձի և մասնագիտական կարողությունների ներգրավման հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության, արհեստական բանականության, առաջադեմ տեխնոլոգիաների, տվյալների վերլուծության, տեխնոլոգիական համակարգերի ինտեգրման, փորձարկման և նախատիպերի մշակման ուղղություններին։ Անդրադարձ է կատարվել նաև պետական կարիքների, գիտահետազոտական կառույցների, համալսարանների և մասնավոր հատվածի ներուժի համադրման արդյունավետ մեխանիզմներին։

Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև պաշտպանական նորարարությունների զարգացման ուղղությամբ առկա առաջնահերթությունները։ Քննարկվել են հնարավոր համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ Հայաստանի տեխնոլոգիական և պաշտպանական նորարարությունների էկոհամակարգի կարողությունների գնահատման, զարգացման առաջնահերթությունների բացահայտման և փորձնական նախաձեռնությունների մշակման հնարավորությունները։

MITRE-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իրականացնում է կիրառական հետազոտություններ, համակարգային ինժեներիա և տեխնիկական վերլուծություններ՝ աջակցելով ԱՄՆ պետական կառույցներին ազգային անվտանգության, պաշտպանության, կիբեռանվտանգության և արհեստական բանականության ոլորտներում։