Մխիթար Հայրապետյանը և Արփինե Սարգսյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

հուլիսի 04, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 3-ին այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե, որտեղ քննարկել են հայրենական տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ներուժի կիրառման հնարավորությունները ՆԳՆ համակարգում։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում արձանագրված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական կենտրոնների կողմից մշակված առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր տեխնոլոգիական արտադրանքները։

Քննարկվել են հայրենական արտադրանքի կիրառման հնարավորությունները Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության գործառնական կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի կարիքներին համապատասխան տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման ուղղություններին։

Կարևորվել է տեղական արտադրողների ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և հայրենական բարձր տեխնոլոգիական արտադրանքի կիրառման ընդլայնումը պետական կառավարման համակարգում։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ պետական և մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է երկրի անվտանգության ամրապնդման, հայրենական ռազմարդյունաբերության զարգացման և տեխնոլոգիական ինքնաբավության բարձրացման համար։