ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարարությունում քննարկվել են միգրացիոն տվյալների կառավարման համակարգի արդիականացման հնարավորությունները
հոկտեմբեր 05, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանն ու Տաթև Ասլանյանն ընդունել են Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄՄԿ-ի կողմից իրականացվող և ՄՄԿ Զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Միգրացիայի տվյալների հզորացումը Հայաստանում. Միգրացիայի համաշխարհային պայմանագրի նպատակներին հասնելու առաջընթացի խթանում» ծրագրի շրջանակում։
Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի Հանրապետությունում միգրացիոն տվյալների կառավարման համակարգի զարգացմանն ու արդիականացմանը, դրա Եվրոպական միության և միջազգային այլ չափանիշներին համապատասխանեցմանը, ինչպես նաև տվյալների կառավարման մշակման քաղաքականության գործընթացներում ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության (ԱԲ) կիրառման հնարավորություններին առնչվող հարցեր։
Քննարկվել են «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքից բխող կարգավորումները, ինչպես նաև ոլորտում առկա իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական բացերը, պետական մարմինների միջև տվյալների փոխգործունակության ապահովման, տեղեկատվական համակարգերի ինտեգրման և տվյալների որակի բարելավման ուղղությամբ հնարավոր քայլերը։