Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին
հոկտեմբեր 02, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության FPGA բիզնես ստորաբաժանման կորպորատիվ փոխնախագահ Շաքիլ Փիրայի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության՝ Հայաստանում գործունեության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։Կողմերն անդրադարձել են նաև ընկերության՝ Գյումրիում, Վանաձորում և Իջևանում գործունեությանը՝ ընդգծելով մարզերում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման, մասնագիտական ներուժի ներգրավման և տեղական տեխնոլոգիական էկոհամակարգերի ամրապնդման ուղղությամբ «Մայքրոչիփ Թեքնոլոջիի» ներկայության կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են ընկերության՝ 2026 թվականի հունիսին ԱՄՆ առևտրի նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) կողմից Հայաստանում գործունեության համար ստացված արտահանման լիցենզիայի հաստատմանը և դրա հնարավոր ազդեցությանը ընկերության հետագա գործունեության, ներդրումային ծրագրերի և զարգացման հնարավորությունների վրա։
Քննարկվել են նաև «Մայքրոչիփ» ընկերության արտադրանքը Հայաստան ներմուծելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նախարարության՝ միջազգային կիսահաղորդչային ընկերությունների և ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ ընթացող քննարկումներին՝ արտադրանքի դասակարգված ցանկի ձևավորման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ քննարկված ուղղություններով հետագա քայլերի իրականացման և համագործակցության ընդլայնման նպատակով։
«Մայքրոչիփ Թեքնոլոջի» (Microchip Technology Inc.) ամերիկյան կիսահաղորդչային ընկերություն է, որը մշակում և արտադրում է միկրոպրոցեսորներ, FPGA-ներ, անալոգային և էներգիայի կառավարման լուծումներ, ինչպես նաև կապի, հիշողության և այլ ներկառուցված համակարգերի բաղադրիչներ։ Ընկերության տեխնոլոգիաները կիրառվում են արդյունաբերության, ավտոմոբիլային ոլորտի, ավիատիեզերական և պաշտպանական համակարգերի, կապի, հաշվողական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։