Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին
նոյեմբեր 05, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին՝ ծրագրի ղեկավար Սուենյա Վեյրուչի գլխավորությամբ։
Տաթև Ասլանյանը բարձր է գնահատել GIZ-ի հետ ձևավորված համագործակցությունն ու կազմակերպության շարունակական աջակցությունը Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (Technology Transfer Offices-TTOs) զարգացման, տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդման և հայ-գերմանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների զարգացմանն ուղղված մոտեցումներին, համակենտրոն TTO-ների ձևավորման հայեցակարգին և այդ ուղղությամբ միասնական տեսլականի ձևավորմանը։
Քննարկման առանցքում են եղել երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում իրականացվող ու նախատեսվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև դրանց ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիաների փոխանցման գործիքների և նորարարական լուծումների խթանմանը տարբեր ոլորտներում, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, բուհերի և բիզնեսի միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը։ Առանձնահատուկ կարևորվել է փոքր և միջին ձեռնարկություններում (ՓՄՁ/SMEs) թվայնացման գործընթացների արագացումն ու արհեստական բանականության գործիքների և նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը՝ բիզնես գործընթացների արդյունավետության, արտադրողականության և մրցունակության բարձրացման, ինչպես նաև նոր զարգացման հնարավորությունների ստեղծման նպատակով։
Կողմերը կարևորել են երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում փոխանակման և վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև PhD ինստիտուտի խթանումը՝ գիտահետազոտական ներուժի զարգացման և գիտության ու արդյունաբերության միջև կապերի ամրապնդման նպատակով։ Կարևորվել է Հայաստանում ստարտափների ձևավորման, զարգացման և երկրում գործունեությունը շարունակելու ու մնալու համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված աջակցությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Deep Tech, Hardware, Biotech, Physical AI և Energy Tech ուղղություններով գործող և նորաստեղծ ստարտափների զարգացմանը։
Ընդգծվել է նաև մտավոր սեփականության պաշտպանության, կառավարման և առևտրայնացման մեխանիզմների զարգացման, հետազոտությունների արդյունքների տեխնոլոգիական փոխանցման, ներդրումների ներգրավման և միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ Կարևորվել են նաև միջազգային համագործակցության ընդլայնումը, գերմանական բիզնես պատվիրակությունների՝ Հայաստան այցելությունների խթանումը և հայկական ընկերությունների համար միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը։
Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերն ու առաջնահերթությունները՝ Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը, նորարարական ներուժի իրացման և միջազգային գործընկերության ամրապնդման նպատակով։