Մարմաշենում տեխնոլոգիական կենտրոն կկառուցվի. նախարարի առաջին տեղակալը կարևորել է մարզերում տեխնոլոգիական կրթության զարգացումը
հուլիսի 23, 2026
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն գյուղի տարածքում հողամաս է օտարվել «Կանաչ տեխնոլոգիաների հաբ» կրթական կենտրոնի և «ChillwithTech» տեխնոլոգիական կացարանների կառուցման ծրագրի իրականացման նպատակով։
Կառավարության նիստին ծավալված քննարկման ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը՝ շեշտելով, որ տեխնոլոգիական կրթության հասանելիությունը վաղ տարիքից առանցքային նշանակություն ունի ապագա մասնագետների ձևավորման համար։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության և այլ առաջատար տեխնոլոգիաների գործիքներին դեռևս վաղ տարիքից ծանոթանալը և մոտ լինելը երեխաներին հնարավորություն է տալիս ոչ միայն ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այլև ավելացնելու հավանականությունը ձևավորել դրանց պատասխանատու, նպատակային և գիտակցված կիրառման սովորույթ և մշակույթ։ Տեխնոլոգիական կրթական միջավայրը նպաստում է, որ պատանիները առավել պատրաստված լինեն հարմարվելու ապագա աշխատաշուկայի փոփոխություններին և արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտի մարտահրավերներին։
Այս համատեքստում Գևորգ Մանթաշյանն անդրադարձել է «Թումո»-ի, «Արմաթ»-ի և COAF-ի տեխնոլոգիական կրթական ծրագրերի միջավայրաստեղծ հաջողված փորձին։ Նա նշել է, որ այդ նախաձեռնություններում ներգրավված պատանիները արդեն իսկ հստակ ձևավորվող պատկերացումներ ունեն արհեստական բանականության գործիքների կիրառման, դրանց դերի, ընձեռած հնարավորությունների և սահմանափակումների վերաբերյալ:
Գևորգ Մանթաշյանը նաև առանձնահատուկ կարևորել է նման կենտրոնների և կրթական նախաձեռնությունների ընդլայնումը, հատկապես Հայաստանի մարզերում՝ ընդգծելով, որ դրանք առանցքային ներդրում են երկրի տեխնոլոգիական ներուժի զարգացման, ապագա մրցունակ մասնագետների պատրաստման և նորարարական կրթական միջավայրերի ձևավորման գործում։