Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «LID World Summit 2026» գագաթնաժողովին

հուլիսի 03, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն  Սիմոնյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հետ հունիսի 23–25-ը Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մասնակցել է «CEA-Leti» գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած «LID World Summit 2026» միջազգային գագաթնաժողովին։ Միջոցառումը նվիրված էր տեխնոլոգիական ոլորտի գլոբալ զարգացումներին և համախմբել էր ավելի քան 1250 մասնակցի ու շուրջ 400 առաջատար ընկերության ներկայացուցչի Եվրոպայից, Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։ 

Գագաթնաժողովի շրջանակում Ռուբեն Սիմոնյանը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել միջազգային խոշորտեխնոլոգիական ընկերությունների՝ «AMD», «ASML», «Siemens EDA», «STMicroelectronics», «Sumitomo Electric Industries», «Murata Manufacturing» ներկայացուցիչների, ինչպես նաև Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի (SIA) ղեկավարության հետ:

Նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությունները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված նոր օրենսդրական գործիքները, ինչպես նաև արհեստական բանականության և տվյալային ենթակառուցվածքների ոլորտում երկրի առկա ներուժը։ Քննարկվել են հայաստանյան ինժեներական ներուժը գլոբալ արժեշղթաներում և մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման գործընթացներում ներգրավելու հնարավորությունները։

Համագործակցության հեռանկարային ուղղություններից Ռուբեն Սիմոնյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ գիտահետազոտական ու փորձարարական մշակումների (R&D) կենտրոնների ստեղծումը, ինչպես նաև բուհերի հետ կիսահաղորդչային նախագծման և էլեկտրոնային ավտոմատ նախագծման կրթական ծրագրերի համակարգումը:

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել աշխատանքային շփումները շարունակելու պայմանավորվածություններ։ Նախատեսվում է, որ 2026 թվականի ընթացքում մի շարք գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ֆրանսիական «CEA-Leti» գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության այցը Հայաստան՝ ներդրումային և ինստիտուցիոնալ ծրագրերը գործնական մակարդակում քննարկելու նպատակով: