Նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Իտալիայի պետական զարգացման բանկի ներկայացուցչին

հոկտեմբեր 16, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Իտալիայի պետական վերահսկողության ներքո գործող զարգացման ֆինանսական հաստատության՝ Cassa Depositi e Prestiti (CDP) ներկայացուցիչ Լուչիա Բոնելիին և Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Անդրեա Պեդուտոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև պետական աջակցության շրջանակում հնարավոր ֆինանսական և ներդրումային մեխանիզմների կիրառման հեռանկարները։

Կողմերը կարևորել են ստարտափ էկոհամակարգի զարգացումը, կիբեռանվտանգության ամրապնդումը և թվային ենթակառուցվածքների կատարելագործումը։ Անդրադարձ է կատարվել հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներուժին, միջազգային գործընկերների հետ գործարար կապերի ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Քննարկվել են նաև տվյալների կենտրոնների կառավարման, ամպային տեխնոլոգիաների կիրառման և պետական-մասնավոր գործընկերության շրջանակում թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև արդյունաբերության տարբեր ճյուղերում տեխնոլոգիական արդիականացման, արտադրողականության բարձրացման և նորարարական լուծումների ներդրման հնարավորություններին։

Քննարկվել են նաև իտալական ընկերությունների հետ գործընկերության հնարավոր ձևաչափերը և գործարար կապերի ընդլայնման հեռանկարները։

Հանդիպման ավարտին Լուչիա Բոնելին վերահաստատել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով։