Տաթև Ասլանյանը մասնակցել է ԵՊՀ-ում մեկնարկած միջազգային աշխատաժողովի բացմանը
սեպտեմբեր 17, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցած «Արհեստական բանականության վրա հիմնված մշտադիտարկման համակարգեր, տարածաշրջանային տվյալների փոխանակում և վաղ նախազգուշացման մոդելներ կրիտիկական ծառայություններում և ենթակառուցվածքներում» թեմայով առաջադեմ հետազոտական աշխատաժողովի բացման արարողությանը:
Ողջույնի խոսքում Տաթև Ասլանյանը կարևորել է նման ձևաչափով մասնագիտական և գիտական քննարկումների անցկացումը՝ ընդգծելով արհեստական բանականության զարգացման, բարձր հաշվողական կարողությունների ընդլայնման և դրանց պատասխանատու կիրառման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ԱԲ և բարձր հաշվողական կարողությունների կենտրոնի ձևավորման հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է NVIDIA-ի հետ համագործակցության շրջանակում ստեղծված Firebird AI և Eleveight AI տվյալների կենտրոններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը Հայաստանի բարձր հաշվողական կարողությունների զարգացման գործում։ Նա նշել է, որ նշված ենթակառուցվածքները, ԵՊՀ-ի և Ինֆորմատիկայի ու ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի առկա գիտահետազոտական և հաշվողական կարողությունների հետ մեկտեղ, ձևավորում են Հայաստանի՝ բարձր հաշվողական ռեսուրսների զարգացման կարևոր հիմքը և նպաստում են երկիրը որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական և արհեստական բանականության կենտրոն դիրքավորելու գործընթացին։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև պետական կառավարման համակարգում որդեգրված «ԱԲ-ն առաջինը» (AI-first) սկզբունքին ու Արհեստական բանականության գրասենյակի ձևավորմանն ուղղված քայլերին։ Կարևորելով 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում կնքված՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Mistral AI-ի, Google-ի և OpenAI-ի հետ միջազգային համագործակցությունը՝ Տաթև Ասլանյանն ընդգծել է, որ այս գործընկերությունները պետության հստակ հանձնառությունն են՝ աջակցելու ազգային տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, ենթակառուցվածքների ընդլայնմանն ու տաղանդների իրացմանը։
Վկայակոչելով Սպիտակի երկրաշարժի փորձն ու տարածաշրջանային ռիսկերը՝ նա շեշտել է ԱԲ-ի վրա հիմնված վաղ նախազգուշացման և ենթակառուցվածքների մշտադիտարկման համակարգերի կենսական նշանակությունը։
Եզրափակիչ խոսքում նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Հայաստանը ձգտում է լինել ԱԲ ոլորտի վստահելի և լիարժեք գործընկեր՝ ստեղծելով միջավայր, որտեղ նորարարությունը զարգանում է անվտանգության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներին համահունչ։