ՌԱԿ նախագահ Արամ Ջիվանյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

հոկտեմբեր 15, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հնդկաստանի զինված ուժերի ներքո գործող Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի (College of Defence Management) պատվիրակությանը՝ քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թակուր Մայանկ Սինհանի գլխավորությամբ։

 Արամ Ջիվանյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի և ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:  Նա կարևորել է նաև Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող տեխնոլոգիական ընկերությունների ներկայությունը և դրանց դերը ոլորտի զարգացման գործում։

Թակուր Մայանկ Սինհանն իր հերթին նշել է, որ քոլեջի գործունեությունն ուղղված է  պաշտպանական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների և կառավարչական հմտությունների զարգացմանը։  Քոլեջի ուսումնական ծրագրերն ընդգրկում են պաշտպանության ոլորտում կիրառվող մասնագիտական տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգություն, բժշկություն և հոգեբանություն։

Կողմերը կարևորել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության զարգացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով։