Նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է «Հայփոստ» ՓԲԸ
սեպտեմբեր 15, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել «Հայփոստ» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության ընթացիկ գործունեությանը, իրականացվող բարեփոխումներին և զարգացման առաջիկա ծրագրերին:
Այցի շրջանակում Գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը նախարարին ներկայացրել է ընկերության 2026 թվականի գործունեության արդյունքները և «Հայփոստի» 2026–2031 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը: Անդրադարձ է կատարվել փոստային բաժանմունքների օպտիմալացմանը, նոր տեսակավորման կենտրոնի կառուցմանը և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։
Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ «Հայփոստի» զարգացման ծրագրերը պետք է միտված լինեն ենթակառուցվածքների արդիականացմանը, գործառնական արդյունավետության բարձրացմանը և ժամանակակից, որակյալ ծառայությունների ապահովմանը։ Առանձնահատուկ կարևորվել են միջազգային լոգիստիկ երթուղիների ընդլայնման, նոր շուկաներ մուտք գործելու, ինչպես նաև ընկերության թվային վերափոխմանն ու ամպային լուծումների ներդրմանն ուղղված քայլերը։
Նախարարը վերահաստատել է, որ «Հայփոստի» զարգացման առանցքում պետք է լինեն քաղաքացիների համար ծառայությունների հասանելիությունը, մրցունակության ամրապնդումը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և էլեկտրոնային առևտրի հանգույցի դիրքերի մեծացումը։