Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը «Government Day» միջոցառմանը ներկայացրել է պետական կառավարման համակարգում ինժեներական մոտեցումների արդյունավետությունը

հուլիսի 31, 2026

«Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում հուլիսի 30-ին անցկացվել է «Government Day» միջոցառումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ այն արդեն երկրորդ տարին է, ինչ ընդգրկված է գագաթաժողովի հիմնական ծրագրում՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ. ստարտափների համար ստեղծել ոչ ֆորմալ համագործակցության հասանելի միջավայր և պետական գերատեսչություններին հնարավորություն ընձեռել լայնորեն ներկայացնելու իրենց գործունեությունը և նորարությունները։ 

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ներդրած շարունակական ջանքերի համար, ինչի շնորհիվ «Seaside Startup Summit»-ը տարեցտարի ընդլայնում է իր հնարավորությունները՝ ստարտափների համար դառնալով վստահելի համագործակցության, նոր կապերի և զարգացման հարթակ։

Նախարարի տեղակալը հանդես է եկել նաև թեմատիկ ելույթով՝ անդրադառնալով պետական կառավարման համակարգում ինժեներական մտածողության և մոտեցումների կիրառման արդյունավետությանը։ Ռուբեն Սիմոնյանը խոսել է պետական կառավարման և մասնավոր հատվածի միջև առկա հիմնարար տարբերություններից՝ ընդգծելով, որ կառավարության գլխավոր նպատակը հանրային շահի սպասարկումն է, վստահության ձևավորումը և ապագա սերունդների համար արդյունքների ապահովումը՝ քաղաքացու և օրենքի առջև լիակատար հաշվետվողականությամբ։

Անդրադառնալով պետական համակարգում ինժեներական մոտեցումների ներդրմանը՝ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը։ Մասնավորապես, պետական համակարգը պարզ կարգավորողից և բյուրոկրատական վերահսկող մարմնից պետք է վերածվի ճկուն, պրոակտիվ ու համագործակցային հարթակի, որն էկոհամակարգ կստեղծի և զարգացման հնարավորություններ կապահովի ինչպես ստարտափների, այնպես էլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների համար։ 

Եզրափակելով խոսքը՝ նախարարի տեղակալը շեշտել է, որ ճարտարագիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև մտածելակերպ, որի ինտեգրումը պետական կառավարման համակարգ թույլ կտա ստեղծել առավել արդյունավետ մեխանիզմներ։ «Հայաստանը, լինելով փոքր, բայց տեխնոլոգիական ու ինժեներական հարուստ ներուժ ունեցող երկիր, ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու աշխարհում ամենաարագ սովորող պետություններից մեկը։ Ուստի առաջնային է դառնում ոչ թե առանձին լավ ընկերությունների, այլև ամուր համակարգերի ու կայացած ինստիտուտների ստեղծման անհրաժեշտությունը։ Իսկ այդ ամենի հիմքում կարող է լինել հենց ինժեներական մտածողությունը»,- ամփոփել է Ռուբեն Սիմոնյանը։