Կառավարությունը հաստատել է պետական տեղեկատվական համակարգի մաս հանդիսացող տվյալների դասակարգման և կառավարչական համակարգեր ստեղծելու մասին նախագծերը
հուլիսի 16, 2026
ՀՀ կառավարությունը հաստատել է «Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» և «Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» նախագծերը, որոնք հունիսի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Այս նախագծերը բխում են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածից, որով սահմանվում է, որ պետական տվյալների շտեմարանների անխափան, անվտանգ և փոխգործելի աշխատանքը պետք է ապահովվի հինգ փոխկապակցված համակարգերի միջոցով։ Դրանք են՝ տվյալների դասակարգման համակարգը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը, տվյալների փոխանակման շերտը և պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը։ Այսօրվա որոշումներով ներդրվում են այդ հինգ համակարգերից երկուսը՝ տվյալների դասակարգման համակարգը և պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը։ Տվյալների փոխանակման շերտն արդեն ներդրված է, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի ներդրումը նախատեսվում է մոտ ժամանակում, իսկ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Ընդունված որոշումներով ներդրվում են պետական տեղեկատվական համակարգերի կառավարման երկու հիմնարար բաղադրիչներ՝ տվյալների դասակարգման համակարգը և պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը, որոնք նախատեսված են «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքով և հանդիսանում են պետական տեղեկատվական համակարգի աջակցող համակարգեր։
«Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» նախագծի հիմնական նպատակը պետական տեղեկատվական համակարգերում կիրառվող տվյալների դասակարգիչների միասնական, կենտրոնացված և ստանդարտացված կառավարումն ապահովելն է, ինչը թույլ կտա տարբեր գերատեսչությունների տեղեկատվական համակարգերին աշխատել նույն չափանիշներով և ապահովել տվյալների առավել արդյունավետ փոխանակում։ Ներկայում՝ տարբեր պետական տեղեկատվական համակարգերում նույն տվյալը հաճախ ներկայացվում է տարբեր ձևերով։ Օրինակ՝ նույն երկիրը, համայնքը կամ այլ դասակարգվող տվյալ կարող է տարբեր համակարգերում գրանցված լինել տարբեր կոդերով կամ անվանումներով։ Այսպիսի տարբերությունները դժվարացնում են տվյալների ավտոմատ համադրումը, լրացուցիչ աշխատանք են պահանջում պետական մարմիններից և կարող են հանգեցնել սխալների կամ ծառայությունների մատուցման դանդաղեցման։
Դասակարգման համակարգը կներառի դասակարգիչների ստեղծման, հաստատման, փոփոխման, չեղարկման և հրապարակման միասնական ընթացակարգեր։ Յուրաքանչյուր դասակարգիչ կունենա պատասխանատու մարմին, իսկ դրանց նկարագրությունները և տարբերակները կհրապարակվեն մեքենայաընթեռնելի՝ XML ձևաչափով և հասանելի կլինեն պետական տվյալների փոխանակման շերտի միջոցով։
Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը իր հերթին կձևավորի պետական տեղեկատվական համակարգերի կառավարման միասնական միջավայր՝ սահմանելով տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների գրանցման, փաստաթղթավորման, գնահատման և կառավարման միասնական կանոններ։ Համակարգը կգործի որպես պետական տեղեկատվական համակարգերի ազգային կատալոգ, որտեղ կներառվեն պետական տեղեկատվական համակարգերը, դրանցում մշակվող տվյալների շտեմարանները, պատասխանատու մարմինները, կիրառվող իրավական հիմքերը և տեխնիկական նկարագրությունները։
Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը կկարգավորի տվյալների շտեմարանների ամբողջ կենսաշրջանը՝ ստեղծումից և նախագծումից մինչև գործարկում, փոփոխություն և դադարեցում։ Նոր տվյալների շտեմարան ստեղծելուց առաջ պարտադիր կլինի ստուգել, թե արդյոք անհրաժեշտ տվյալներն արդեն առկա են պետական այլ շտեմարանում։ Եթե դրանք գոյություն ունեն, նոր շտեմարան ստեղծելու փոխարեն տվյալները պետք է ստացվեն տվյալների փոխանակման ծառայությունների միջոցով։
Այս մոտեցումը հնարավորություն կտա գործնականում իրականացնել «տվյալը մեկ անգամ ներկայացնելու» սկզբունքը, որի համաձայն քաղաքացիներն ու կազմակերպությունները նույն տեղեկությունը պետական մարմիններին չեն ներկայացնի բազմիցս, իսկ պետական մարմինները տվյալները կստանան դրանց սկզբնաղբյուրից՝ օրենքով սահմանված կարգով։
Ընդունված որոշումների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը կունենա պետական տվյալների կառավարման միասնական ճարտարապետություն, որը կապահովի պետական տեղեկատվական համակարգերի միջև արդյունավետ փոխգործելիություն, տվյալների կրկնակի հավաքագրման կրճատում, տվյալների որակի և անվտանգության բարձրացում, ինչպես նաև պետական թվային ծառայությունների առավել արագ, կանխատեսելի և ավտոմատացված մատուցում։