Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Global High-Tech Award-ի 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի պաշտոնական այցի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին
նոյեմբեր 03, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի եռօրյա պաշտոնական այցի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին:
Ողջունելով հյուրերին և ընդգծելով միջազգային ճանաչում ունեցող տեխնոլոգիական նորարարին Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը՝ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն իր խոսքում նշել է․
«Ոգեշնչվելով «Ապոլոն 11» առաքելության շրջանակում Լուսնի վրա մարդու պատմական վայրէջքից՝ Քամ Ղաֆարիանն այսօր ինքն է դարձել ոգեշնչման աղբյուր բազմաթիվ մարդկանց համար։ Իր անցած ճանապարհով և արձանագրած հաջողություններով նա ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահավակնոտ երազանքները կարող են իրականություն դառնալ, երբ գիտելիքը համադրվում է համարձակության, նպատակասլացության և գործելու վճռականության հետ։
Պարոն Ղաֆարիանի՝ NASA-ում ձեռք բերած աշխատանքային փորձը, գիտական առաջընթացի նկատմամբ նրա նվիրվածությունն ու այդ ձեռքբերումները մարդկության զարգացմանը ծառայեցնելու ձգտումը մեծ արժեք ունեն նաև մեզ համար։ Նրա օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ կա տեսլական, համապատասխան միջավայր և այն կյանքի կոչելու կամք, անհնարին թվացող նպատակները դառնում են իրագործելի։
Այսօր տիեզերքը ոչ միայն գիտական հետազոտությունների, այլև նոր արդյունաբերության ձևավորման ու զարգացման հարթակ է։ Քամ Ղաֆարիանն իր գործունեությամբ և անցած ճանապարհով մեզ հիշեցնում է, որ հնարավորություններն անհամեմատ ավելի շատ են, քան մենք հաճախ կարողանում ենք տեսնել առօրյա կյանքում։ Նրա օրինակը ոգեշնչում է մտածել ավելի համարձակ, տեսնել սովորականից այն կողմ և հավատալ, որ գիտելիքի, տեսլականի ու վճռականության շնորհիվ կարելի է հասնել նույնիսկ ամենահավակնոտ նպատակներին»:
Բանախոսների թվում էին նաև մրցանակի գլխավոր գործընկեր Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյանը, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր ու ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյանը և օրվա հերոսը՝ Քամ Ղաֆարիանը:
Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն իր խոսքում ընդգծել է համաշխարհային ճանաչում ունեցող նորարարների օրինակով ապագա սերունդներին ոգեշնչելու կարևորությունը. «Եթե Քամ Ղաֆարիանի պատմությունը ոգեշնչի թեկուզ մի քանի երիտասարդի՝ հավատալու իրենց ուժերին և մոտենալու սեփական երազանքներին, ապա կարող ենք ասել, որ այս մրցանակին ուղղված մեր երկարամյա աջակցությունն իսկապես արդյունք է տվել»։
Անդրադառնալով Global High-Tech Award-ի ստեղծման գաղափարին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը նշել է․ «Երբ 2009 թվականին «Սինոփսիս»-ը նախաձեռնեց այս մրցանակը, նպատակն էր արժևորել տեխնոլոգիական ոլորտի այն առաջնորդներին, որոնց ներդրումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով երկարաժամկետ և նշանակալի ազդեցություն է ունենում մարդկության կյանքում։ Քամ Ղաֆարիանն իրապես մարմնավորում է Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների պետական մրցանակի ոգին:»
«Սթարմուս» փառատոնի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյանն էլ անդրադարձել է տիեզերական հետազոտություններում անհատի մասնավոր նախաձեռնության նոր դերին և այդ գործընթացում Քամ Ղաֆարիանի ներդրումին․ «Առաջին տիեզերական մրցավազքը հսկայական ազդեցություն ունեցավ գիտության, տեխնոլոգիաների և մարդկության զարգացման վրա։ Դրան հաջորդած հարաբերական դադարից հետո այսօր ականատես ենք տիեզերական արդյունաբերության նոր վերելքի, որի շարժիչ ուժերից են մասնավոր ընկերություններն ու նորարարները։ Քամ Ղաֆարիանն այս նոր դարաշրջանի առանցքային դեմքերից է։»
Քամ Ղաֆարիանը շնորհակալություն է հայտնել մրցանակի դափնեկրի կոչմանն իր թեկնածությունն առաջադրելու և Հայաստան հրավիրելու համար։ «Տարիներ շարունակ երազել եմ այցելել Հայաստան, և այսօր այստեղ գտնվելն ու այս հեղինակավոր մրցանակին արժանանալն ինձ համար մեծ պատիվ է։ Տիեզերքից Երկրին նայելիս հասկանում ես, որ այն բոլորիս ընդհանուր տունն է։ Այնտեղից չեն երևում պետական սահմանները, ազգային կամ կրոնական տարբերությունները։ Տիեզերքը միավորում է մեզ և հիշեցնում մեր ընդհանուր պատասխանատվության մասին։ Ես հավատում եմ, որ ապագայում տիեզերքում կստեղծվեն քաղաքներ, որտեղ մարդիկ կապրեն, կաշխատեն և կզարգացնեն գիտությունն ու արդյունաբերությունը։ Իմ կյանքի կարևորագույն առաքելություններից է մարդկանց, հատկապես երիտասարդներին ոգեշնչելը՝ հավատալու սեփական ուժերին, ընտրելու գիտության ու նորարարության ուղին և համարձակվելու իրականացնել նույնիսկ անհնարին թվացող երազանքները։ Մենք բոլորս մեկ ամբողջություն ենք՝ կապված միմյանց, մեր մոլորակի և տիեզերքի հետ»,-նշել է Ղաֆարիանը:
Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպիչները ներկայացրել են Քամ Ղաֆարիանի այցի ծրագիրը, որը ներառում է հանդիպումներ պետական պաշտոնյաների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, բուհերի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի զարգացող նորարարական էկոհամակարգի անդամների հետ։
2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով հիմնադրված Համաշխարհային բարձր տեխնոլոգիական մրցանակը շնորհվում է այն անհատներին, որոնց ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում։ Արդեն 17 տարի մրցանակը Հայաստան է բերում համաշխարհային ճանաչում ունեցող նորարար առաջնորդների՝ ստեղծելով գիտելիքի փոխանակման, ոգեշնչման և միջազգային համագործակցության բացառիկ հնարավորություններ։