Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

սեպտեմբեր 11, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն դոկտոր Սոնյա Կուրցի գլխավորած պատվիրակությանը և ԵՄ պատվիրակության ծրագրերի պատասխանատու Իվան Սուսներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակմամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ GIZ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի նպատակները, հիմնական ուղղություններն ու ընթացիկ աշխատանքները:

Կողմերը քննարկել են ծրագրի գործունեությունը ՀՀ կառավարության և նախարարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու, ոլորտի ընթացիկ կարիքներն ու մարտահրավերները հասցեագրելու, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։

Անդրադառնալով կիբեռանվտանգության համակարգի զարգացմանը՝ կարևորվել են ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը, ոլորտային քաղաքականության և կարգավորումների կատարելագործումը, տեխնիկական հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնումը։

Ընդգծվել է, որ կիբեռանվտանգության ոլորտում կայուն կարողությունների ձևավորումը առանցքային նախապայման է Հայաստանի թվային փոխակերպման, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ամրապնդման և եվրոպական թվային ու կիբեռանվտանգության միջավայրին երկրի առավել սերտ ինտեգրման համար։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նախարարության, եվրոպական գործընկերների և GIZ-ի միջև շարունակական համակարգման կարևորությունը՝ ծրագրային աջակցությունն առավել արդյունավետորեն Հայաստանի ընթացիկ կարիքներին և առաջնահերթություններին ծառայեցնելու նպատակով: