Տաթև Ասլանյանը մասնակցել է «Freedom 250: Shared Values, Shared Opportunities» բարձրաստիճան համաժողովին

հոկտեմբեր 02, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատի (AmCham Armenia) կազմակերպած «Freedom 250: Shared Values, Shared Opportunities» բարձրաստիճան հանդիպմանը: Միջոցառումը նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին և հայ-ամերիկյան երկկողմ տնտեսական ու տեխնոլոգիական համագործակցության ընդլայնմանը:

Իր ելույթում նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը ներկայացրել է Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքային ձեռքբերումները՝ հատկապես առանձնացնելով «NVIDIA» ընկերության հետ համատեղ գործարկված Firebird AI գործարանը, Eleveight AI-ը և բուհական գերհամակարգչային կարողությունները, որոնց շնորհիվ Հայաստանն ապահովում է տարածաշրջանում GPU հաշվողական հզորությունների մեծ ծավալ: Նա ընդգծել է նաև «Synopsys Armenia»-ի դերակատարումը կիսահաղորդիչների նախագծման ոլորտում, ինչը հաշվողական կարողությունների հետ մեկտեղ Հայաստանին դարձնում է լուրջ դերակատար ոչ միայն ԱԲ ծրագրային, այլև ապարատային (hardware) տիրույթում:

Տաթև Ասլանյանն առանձնակի կարևորել է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի և  Հայաստանի  միջև ստորագրված ԱԲ և կիսահաղորդիչների համագործակցության հուշագիրը՝  նշելով, որ համաձայնագիրը հստակ ազդակ  է երկկողմ տեխնոլոգիական գործընկերության ապագայի կառուցման, խորքային ու գործնական համագործակցությունը զարգացնելու գործում: 

Նախարարի տեղակալը մանրամասնել է նախանշվող ռազմավարական հինգ ուղղությունները՝ շեշտադրելով հանրային հատվածից մեկնարկող ԱԲ կանխատեսելի կարգավորման շրջանակի ձևավորումը, GPU ռեսուրսների արդարացի բաշխումն ու մարդկային կապիտալի զարգացման 5-ամյա ծրագրի իրագործումը: Տաթև Ասլանյանն ընդգծել է Հայաստանի տեխնոլոգիական տնտեսության՝ ծառայությունների մատուցումից դեպի սեփական արտադրանքի ու առաջատար տեխնոլոգիաների (deep-tech, ֆիզիկական ԱԲ, health-tech) ստեղծմանն անցնելու կարևորությունը, ինչը լայն հնարավորություններ կբացի ամերիկյան ներդրումների և համատեղ նախագծերի համար: 

Եզրափակելով խոսքը՝ Տաթև Ասլանյանը նշել է, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ուժեղ STEM համայնք և կանխատեսելի միջավայր ձևավորող Կառավարություն, ու հրավիրել է ամերիկյան ներդրողներին՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտման գործընթացում: