«Երևանի քաղաքապետի գավաթ 2026»-ի շրջանակում ամփոփվել է FPV դրոնների մրցաշար

օգոստոսի 26, 2026

«Երևանի քաղաքապետի գավաթ 2026»-ի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվել է MultiGP FPV Drone Race 5 մրցարշավի եզրափակիչ փուլը։ 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արամ Ջիվանյանը։

Մրցանակաբաշխության ընթացքում Գևորգ Մանթաշյանը և Արամ Ջիվանյանը մրցանակներ են հանձնել մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին՝ շնորհավորելով մասնակիցներին և ընդգծելով երիտասարդների շրջանում անօդաչու թռչող սարքերի, բարձր տեխնոլոգիաների և ինժեներական ուղղությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորման ու զարգացման կարևորությունը։

Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի դրոնների ֆեդերացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Այն համախմբել է Հայաստանի տարբեր դպրոցների ներկայացուցիչների՝ երկրի ամբողջ տարածքից, ինչպես նաև անհատ մասնակիցների։ Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցել է 48 մասնակից, որոնք հանդես են եկել երեք կատեգորիաներում՝ Starter, Semi-Pro և Professional։

Միջոցառման առանձնահատկություններից մեկը մասնակիցների տարիքային լայն ընդգրկումն էր․ ամենակրտսեր մասնակիցը, որը նաև դարձել է մրցանակակիր, եղել է ընդամենը 9 տարեկան։

Եզրափակիչ փուլին նախորդող շրջանում մասնակիցները հնարավորություն են ունեցել մարզվելու Հայաստանի դրոնների ֆեդերացիայի վազքուղում՝ պոլիգոնում։ Նախապատրաստական փուլը նրանց հնարավորություն է տվել կատարելագործելու մրցարշավային հմտությունները և մրցմանը ներկայանալու պատշաճ պատրաստվածությամբ։

MultiGP FPV Drone Race 5-ի նպատակն է նպաստել Հայաստանում դրոնային սպորտի զարգացմանը, բացահայտել նոր տաղանդների և խթանել երիտասարդների ներգրավվածությունը տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտներում։