Հայաստանը՝ արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց. Forbes-ի անդրադարձը
հունիսի 24, 2026
Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Գագարինում հունիսի սկզբին բացված նոր ԱԲ տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով։
Պարբերականը նշում է, որ Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։
Նշվում է, որ Eleveight AI ընկերության «ԱԲ գործարանում» տեղադրված են 512 NVIDIA Blackwell B300 պրոցեսորներ, որոնք ներկայում հասանելի արհեստական բանականության (ԱԲ) ամենահզոր սարքավորումներն են:
«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ՝ սխալների և շարունակական ջանքերի միջոցով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք, իսկ այն փաստը, որ մենք չվախեցանք ձախողվելուց, այսօրվա հաջողության նախադրյալներից մեկն էր»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարար Հայրապետյանն ընդգծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխգործակցությունը «NVIDIA»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ, որը սկիզբ է առել 2019 թվականին Սիլիկոնյան հովտում կայացած հանդիպմամբ և շարունակվել 2023 թվականին Հուանգի՝ Հայաստան կատարած այցով։ Այդ քննարկումները, նրա խոսքով, կենտրոնացած են եղել ոչ միայն ԱԲ, այլև դրա գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և կարողությունների ստեղծման վրա։
Հոդվածում նշվում է, որ ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության վերաբերյալ 2025 թվականին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված հուշագիրն այդ ջանքերը բերեց դիվանագիտական և առևտրային դաշտ:
Մխիթար Հայրապետյանը նշում է, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար ստեղծվել է զարգացման բացառիկ փուլ, որից պետք է հնարավորինս արագ օգտվել։ Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ տեմպն ապահովվում է պետական և մասնավոր հատվածների միջև հաստատված սերտ համագործակցության շնորհիվ, ինչը հնարավորություն է տալիս հավակնոտ նախագծերը կյանքի կոչել սեղմ ժամկետներում:
Ամբողջական հոդվածը՝ https://forbes.ge/en/armenia-s-120-million-bet-on-becoming-a-regional-ai-powerhouse/: